Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի` գործադուլ հայտարարած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն են կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը մոլորեցնում է հանրությանը, երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Աջակցու՞մ եք աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով կազմակերպված գործադուլին» վերտառությամբ քվեաթերթիկը լրացրել և քվեատուփն է նետել մոտ 2,000 աշխատակից, իսկ կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։
Փակ, գաղտնի քվեարկությունը սկսվել է դեռ երեկ կեսօրին, և գործադուլի դուրս եկած աշխատակիցների համոզմամբ՝ առաջիկա ժամերին քվեարկողների թիվն էլի կաճի։ Ի դեպ, մի քվեատուփ դրվել է Քաջարան քաղաքի կենտրոնում, մյուսը՝ կոմբինատի տարածքում։
«Արդեն մոտենում է 2,000-ին, որը մեզ համար բավական է, որ ցույց տանք, որ մեծամասնություն է։ Մի ամբողջ օր չկա, մենք երեկ ժամը 12-ից սկսել ենք: Դե մենք պետություն չենք, որ կարողանանք կազմակերպել քվեարկությունը, առաջին անգամ ենք անում: 12 ժամվա դրությամբ 42 տոկոս եկել է, ստորագրել: Պարոնա՛յք ղեկավարություն, մի տարածեք նման կեղծիքներ»,- ասաց պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից Շավարշ Մարգարյանը: