Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունեցել ըն...

Հազարավոր մարդիկ Բեռլինում բողոքի ցույց են անցկացրել ընդդիմադիր պահպանողականների առաջարկած ներգաղթը սահմանափակելու պլանների դեմ, որոնց աջակցում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Պահպանողականների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, որն, ըստ տարբեր կանխատեսումների, կդառնա Գերմանիայի հաջորդ կանցլերը փետրվարի 23-ին կայանալիք համընդհանուր ​​ընտրություններից հետո, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության աջակցությամբ հովանավորել է օրենքի նախագիծը՝ «կոտրելով ծայրահեղ աջ կուսակցության հետ համագործակցելու տաբուն», գրում է գործակալությունը:

Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ Բրանդենբուրգյան դարպասի մոտ՝ Բունդեսթագի ստորին պալատի մերձակայքում, հավաքվել է շուրջ 160 000 մարդ։ 

Կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հունվարի 31-ին փորձում էր առաջ մղել ներգաղթի մասին օրինագիծը ստորին պալատում, սակայն չկարողացավ ապահովել մեծամասնություն, քանի որ իր կուսակցության որոշ պատգամավորներ հրաժարվեցին աջակել դրան:

Օրենքի նախագիծը կսահմանափակեր ընտանիքների վերամիավորումը որոշ փախստականների համար և կպահանջեր ավելի մեծ թվով մարդկանց մերժել սահմանին: Համաձայն վերջին հարցման՝ հասարակության երկու երրորդն աջակցում է ներգաղթի նկատմամբ ավելի խիստ կանոններին:

Մերցը պնդում էր, որ օրինագիծը համարժեք պատասխան է հանրային վայրերում ներգաղթյալների կողմից մի շարք աղմկահարույց սպանությունների: Սակայն կանցլեր Օլաֆ Շոլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Կանաչները նշել են, որ օրինագիծը չէր կանգնեցնի հարձակումները և կխախտեր եվրոպական օրենքը:

Փետրվարի 1-ին ևս Գերմանիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Համբուրգում, Շտուտգարտում և Լայպցիգում, տասնյակ հազարավոր մարդիկ նմանատիպ ցույցերի էին դուրս եկել ընդդեմ Քրիստոնեական-դեմոկրատական միության և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության։