Չի կարող հետհեղափոխական Հայաստանում, մասնավորապես վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացնող կառույցը սարքոցիներ անել. չկա նման բան, չի կարող լինի, ես բացառում եմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Կոտայքի մարզպետարանում չարաշահումների հետ կապված գնահատական են հնչել, որ ՊՎԾ-ն սարքել է մարզպետարանի գլխին, իրականում դրանք չարաշահումներ չեն, այլ մանր-մունր խախտումներ:
«Վերջին երեք տարիների իմ գործունեության պատասխանատուն եմ ես, մենք հարյուրավոր վերահսկողության օբյեկտներ ենք ունեցել, հարյուրավոր քրեական վարույթներ են նախաձեռնվել, մի քանի միլիարդ դրամ վերականգնումներ են տեղի ունեցել, մի քանի տասնյակ օրենսդրական նախագծերի փաթեթներ ենք ներկայացրել լրամշակման, չի կարող լինի գեթ մեկ սուբյեկտ՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձ, որ ասի՝ ՊՎԾ-ն այստեղ անաչար չէր։
Ընդհակառաջ, ՊՎԾ-ն վերահսկողություն է իրականացնում սեփական թիմակիցների կողմից կառավարվող մարմինների նկատմամբ և առանց կաշկանդումների վեր է հանում առերեւույթ խախտումները, մտահոգությունները, պատշաճ ներկայացնում է վարչապետին զեկույցներ, տեղեկանքներ և բոլորը առանց բացառության իրենց տրամաբանական հանգուցալուծման են հասնում:
Մի մասով քրեական վարույթներ են նախաձեռնվում, որոնք քրեաիրավական գնահատականի ենթակա են, կառավարչական խախտումների պարագայում, երբ դրանք անդառնալի են, նաև քաղաքական պատասխանատվության են հանգեցնում, նոր հանձնարականների տեղիք են տալիս: Եվ չկա մեկ սուբյեկտ, որ կարողանա ասել ու ապացուցել, որ ՊՎԾ-ն կարող է որևէ պարագայում անչառությունը կորցնել կամ, ձեր բառապաշարով, ասած՝ սարքի»,-ասաց նա:
Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանեց, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմում ընդհանուր առերևույթ խախտումների չափը կազմել է 1 միլիարդ 70 միլիոն դրամ:
«Դրանց զգալի մասի դեպքում համայնքների տրամադրված դոտացիաների մեջ էին խախտումները:
Փաստ այն է որ մենք նաև միջնորդություն ենք ներկայացրել ՍԱՏՄ, որը գնացել, վերահսկողություն է արել և «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման փուլում, այդ թվում նաև պահեստներում հայտնաբերվել են ժամկետանց անորակ սնունդներ, մատակարարումների մեջ խնդիրներ են առաջացել, երբ բոլորովին վերջերս գրանցված ինչ-որ իրավաբանական անձ տասնյակ դպրոցների սննդի մատակարարումներ է արել, որոնք ֆիզիկապես ինքը չէր կարող անել այդ ծավալը»,-:
ՊՎԾ պետը նկատեց, որ եթե իրենք ասում են, որ օրինակ, ավելի քան մեկ միլիարդի խախտում են հայտնաբերել, դա բնավ չի նշանակում, որ մեկ միլիարդ դրամ գողացել են, այդպես չէ. «Ընթացակարգերի խախտումներ են եղել, գնման գործընթացներում նաև խախտումներ, որի բյուջեն շուրջ այդքան է կազմում: Բայց այդ 1 միլիարդ 70 միլիոն արերևույթ ընդհանուր խախտման մեջ կան որոշակի պաշտոնատար անձանց, որոշակի մատակարարների, այդ թվում նաև տնտեսվարողների կողմից թույլ տրված արերևույթ իրավախախտման փաստեր, որոնք նաև ենթակա են քրեաիրավական գնահատականի, ինչի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մնացած մասով խնդրում եմ թողնենք արդեն նախաքննության ավարտին»: