Ադրբեջանում տեղեկացրել են ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով ՊԱԾ-ին, տեղեկացրել են, որ օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Անտառային եղբայրներ» ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու համար դատապարտված Գադիր Հաջիեւը, հանցավոր կապի մեջ մտնելով Գուսարի շրջանի բնակիչներ Քյամրան Քերիմխանովի, Ումուդ Գյուլալիեւի, Վալերիկ Ադիլովի, Ռիյադ Սաֆարալիեւի, Ռովշան Լաչինովի, Նազիմ Զաքիեւի եւ այլոց հետ, նրանց հետ նախապատրաստել է ահաբեկչություններ Գուսարի շրջանի տարածքում, ստեղծել ստորգետնյա թաքստոցներ անտառային զանգվածում, մի շարք գյուղերի տարածքում, ապահովել այդ թաքստոցները զինամթերքներով, պայթուցիկ նյութերով, տեխնիկական եւ այլ միջոցներով։
Գաղտնի ապաստարաններ եւ պահեստարաններ են հայտնաբերվել անտառապատ տարածքում, ոչնչացվել են անօրինական զինված խմբավորման անդամները՝ Գադիր Հաջիեւը, Ռիյադ Սաֆարալիեւը, Վալերիկ Ադիլովը եւ Ումուդ Գյուլալիեւը, որոնք պայթուցիկ սարքեր են օգտագործել եւ զինված դիմադրություն ցուցաբերել։։
«Հայտնաբերված թաքստոցների զննությամբ առգրավվել է պայթուցիկ սարքերի պատրաստման համար նախատեսվող տորֆ, ացետոն, դետոնատորներ, հեռակառավարվող պայթուցիկ մեխանիզմներ, կցամասեր եւ որպես բեկորներ օգտագործվող կապարի մասեր, 2 «Կալաշնիկով» ինքնաձիգ, 3 որսորդական հրացան, փամփուշտներ եւ ինքնաձիգի փամփուշտներ, ինչպես նաեւ դրոշ, որը միջազգային մակարդակով ահաբեկչական ճանաչված անօրիկական զինված խմբավորման խորհրդանիշն է»,- տեղեկացրել են լրատվամիջոցները։