«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդ տարի՝ այս օրերին, պարզ դարձավ, որ մենք պատերազմական իրավիճակում ապաստարաններ չունենք: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի օրերին, երբ Արցախի բնակչությունը հիմնականում ռմբապաստարաններում էր պատսպարվում, պարզ դարձավ, որ մայրաքաղաք Երեւանի բնակելի շենքերի նկուղները հիմնականում հարմարեցված չեն վտանգի ժամանակ այդ տեղերում ապրելու ու գոյատեւելու համար: Նկուղներում մարդիկ հաճախ ստիպված էին լինում առնետների հետ հարեւանությամբ ապրել, դե իսկ կենցաղային ու սանիտարահիգիենիկ պայմանների մասին խոսելն անգամ ավելորդ է: Պատերազմի ժամանակ երեւանաբնակները նույնպես հետաքրքրվում ու բարձրաձայնում էին, թե մայրաքաղաքի բնակելի շենքերի քանիսի նկուղներն են համրարեցված ապաստարանային պայմաններին:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն, ռմբապաստարանների մասին խոսակցությունները երկրորդ պլան մղվեցին: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարան հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու համար, թե մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի բնակելի շենքերի նկուղներից քանիսն են ապաստարանի վերածվել: Քաղաքապետարանը, սակայն, որեւէ հստակ թիվ ու կոնկերտ պատասխան չի տվել՝ չմանրամասնելով նաեւ, թե մեկ տարվա ընթացքում ինչ աշխատանքներ են տարվել այդ կարեւորագույն խնդրի ուղղությամբ:



