Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ համատեղ գործողություն է իրականացրել՝ այսպես կոչված «Հյուսիսային ճանապարհով» աֆղանական թմրանյութերի մաքսանենգության ուղին վերացնելու համար, գրում է Tengrinews.kz-ը։
Ընթացիկ տարվա օգոստոսին Ռուսաստանի սահմանամերձ շրջաններից մեկում խոշոր գործողություն է իրականացվել՝ թմրանյութերի միջազգային խմբի անդամներին ձերբակալելու համար, նշել են գերատեսչությունում։
Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է երկու կասկածյալ, որոնք փորձում էին մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցի մեծ խմբաքանակ տեղափոխել։
«Ձերբակալվածների խուզարկության ընթացքում հայտնաբերվել է մոտ 50 կիլոգրամ հաշիշ, որի արժեքը սև շուկայում կարող է հասնել մոտ 500 հազար ԱՄՆ դոլարի։ Փաստի առթիվ կատարվում է քննություն»,- ասված է ԱԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդման մեջ: