Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 29-ին Բրյուսելում կմասնակցի Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը: Անկարան հուսով է, որ «կդնի 2019-ին սկսված փակուղու դուրս գալու հիմքը», ըստ Reuters-ի՝ դրա մասին հինգշաբթի հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին։ Ըստ նրա՝ հանդիպմանը Ֆիդանին հրավիրվելը վկայում է, որ ԵՄ-ն նույնպես ընդունում է հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։
«Ողջունում ենք այս հրավերը։ Դա գնահատում ենք որպես ԵՄ-ի կողմից երկխոսության հանձնառություն»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ դաշինքի հետ համագործակցությունն ու երկխոսությունը պետք է իրականացվի «շարունակական և համակարգված» հիմքի վրա:
Քեչելին հայտարարել է, որ դաշինքի դրական մոտեցումը չպետք է սահմանափակվի միայն նման հանդիպումներով, հավելելով, որ Անկարան ակնկալում է կոնկրետ քայլեր՝ իր անդամակցության, թուրքերի համար վիզային ռեժիմի ազատականացման, ԵՄ-ի հետ մաքսային միության արդիականացման բանակցությունների, ինչպես նաև տնտեսական, քաղաքական, տրանսպորտային և և էներգետիկ հարցերի շուրջ երկխոսության խորացման համար։
ԵՄ-ում հուլիսի 1-ից նախագահող Հունգարիայի հետ լավ կապեր պահպանող Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, թե հուսով է, որ Բուդապեշտի նախագահությունը այս հարցերում առաջընթացի կհանգեցնի:
Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի հարաբերությունները դաշինքի հետ վերջին տարիներին սրվել են:
ԵՄ-ին միանալու Թուրքիայի հայտը երկար ժամանակ սառեցված է՝ մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ մտահոգությունների և տարածաշրջանային քաղաքականության շուրջ տարաձայնությունների, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրական ծովում և Կիպրոս կղզում էթնիկական բաժանման պատճառով:
Սակայն ԵՄ-ն կախված է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությունից, առնաձապես՝ ներգաղթի հարցերում։