Թալիբները ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին թույլ չեն տ...

Աֆղանստանի իշխանություններն արգելել են ՄԱԿ-ի նշանակված հատուկ զեկուցող Ռիչարդ Բենեթի մուտքը երկիր, տեղական Tolo News հեռուստաալիքին հայտնել է վարչակազմի պաշտոնյան՝ մարդու իրավունքների դիտորդին մեղադրելով «քարոզչություն տարածելու մեջ»։

Աֆղանստանի ԱԳՆ խոսնակ Աբդուլ Քահար Բալքին Reuters-ին հայտնել է, որ Բենեթը «չի կարողացել Աֆղանստանի համար տուրիստական ​​մուտքի թույլտվություն ստանալ»։

«Նույնիսկ բազմաթիվ հորդորներից հետո, որ պարոն Բենեթը աշխատելիս հավատարիմ մնա արհեստավարժությանը, պարզվեց՝ նրա զեկույցները հիմնված էին նախապաշարմունքների և անեկդոտների վրա, որոնք վնասում էին Աֆղանստանի և աֆղան ժողովրդի շահերին», - նշել է Բալքին:

Աֆղանստանի վարչակազմի խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդն ավելի վաղ հայտարարել էր, որ թալիբներն՝ ըստ իսլամական օրենքի և տեղական սովորույթների իրենց մեկնաբանության, հարգում են կանանց իրավունքները:

«Պարոն Բենեթի ուղևորությունն Աֆղանստան արգելված էր, քանի որ նրան հանձնարարված էր Աֆղանստանում քարոզչությամբ զբաղվել... Նա ուռճացնում էր աննշան խնդիրներըն ու քարոզում դրանք»,- ասել է Մուջահիդը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2022 թվականին Բենեթին նշանակել է թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանում մարդու իրավունքների իրավիճակը վերահսկող դիտորդ:

Բենեթը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե թալիբների վերաբերմունքը կանանց և աղջիկների նկատմամբ կարելի է հավասարեցնել մարդկության դեմ հանցագործության, Աֆղանստանում չէ, սակայն իրավիճակը ուսումնասիրելու համար մի քանի անգամ այցելել է երկիր: