
Ինչ որ մեկը կասկած ո՞ւնի, որ եթե սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն իշխանության ուզած որոշումը կայացներ, այս ամեն ինչը տեղի չէր ունենա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից ազատելու ուղղությամբ իշխանության կողմից իրականացվող քայլերին։
«Շատ պարզ ու պրիմիտիվ են գործում մարդիկ, ուղղակի ամոթ է։ Ես համոզված եմ, որ բոլորն ի վերջո պատասխանատվության են ենթարկվելու այս ապօրինությունների համար»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին, Լևոն Քոչարյանը ասաց. «Այսօր առավոտյան տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ, լավ է, նորմալ է անցել վիրահատությունը, երևի որ տեղափոխվել է, ուրեմն լավ է, ուրբաթ օրը տեսակցել եմ, մի քանի ժամ իր մոտ եմ եղել»։
Անդրադառնալով տեսակցության հետ կապված խնդիրներին, նշեց, որ իրեն թույլ տալիս են տեսակցել հորը, սակայն իր եղբոր երեխաներին՝ ոչ. «Ինչ-որ խնդիր եղավ, չթողեցին։ Տարբեր ձեւ են բացատրում, բայց փաստը մնում է փաստ, որ չթողեցին։ Հնարավորություն չընձեռվեց, որն աբսուրդ է»։
Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։