Ռուսաստանը գաղտնի նոտա է հղել ՆԱՏՕ-ին․ Մոսկվա...

Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով փակ ուղերձ է հղել ՆԱՏՕ-ին՝ զգուշացնելով, որ պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե դաշինքը փորձի շրջափակման մեջ վերցնել Կալինինգրադի մարզը, հայտնում է Reuters-ը։ Գործակալության տնօրինության տակ հայտնված փաստաթղթում Մոսկվան դաշինքին մեղադրում է «անպատասխանատու քաղաքականության» մեջ, որը «բախման լուրջ վտանգ է պարունակում»։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմն ընդգծում է, որ ռազմական բախման դեպքում անհապաղ հարվածներ է հասցնելու «դաշինքի անդամ երկրների որոշումների կայացման կենտրոններին»։

«Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ է, որ Ռուսաստանը նման սպառնալիք է հղում մեզ, այնպես որ սա պետք է լուրջ ընդունել», — Reuters-ին փոխանցել է եվրոպական երկրներից մեկի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան։ ՆԱՏՕ-ի աղբյուրն իր հերթին սա որակել է որպես «եվրոպացիներին ահաբեկելու հերթական փորձ»՝ հավելելով, որ արձագանքը լինելու է «վճռական», և դաշինքը չի դադարեցնի Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթը հաստատել է ռուսական նոտան ստանալու փաստը․ «Մեր պատասխան նոտայում ընդգծել ենք, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, և մեր քայլերն ու զորավարժությունները որևէ սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի համար։ Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառման սպառնալիքներն ու միջուկային անպատասխանատու հռետորաբանությունը», — նշել է Հարթը։

Փաստաթուղթը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան ուղարկելուց հետո եվրոպական երկրներում Ռուսաստանի դեսպանատները հրապարակավ մեղադրել են դաշինքին Կալինինգրադի շուրջ լարվածություն հրահրելու մեջ։ Հայտարարություններում նշվում է, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, սակայն զգուշացնում է, որ Կալինինգրադի դեմ ցանկացած ոտնձգություն արժանանալու է ամենակոշտ պատասխանին։