Սաուդյան Արաբիան Իսրայելին թույլ չի տվել ինքն...

Սաուդյան Արաբիան թույլ չի տվել Իսրայելին ինքնաթիռ ուղարկել օդանավում տեղի ունեցած միջադեպի պատճառով արտակարգ վայրէջք կատարած Flydubai ավիաընկերության FZ1073 չվերթի ուղևորների հետևից։ Այս մասին՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Ավելի վաղ, Դուբայից Թել Ավիվ ուղևորվող մարդկանց տեղափոխելու համար, Իսրայելը դիտարկում էր Սաուդյան Արաբիա ռազմական կամ քաղաքացիական ինքնաթիռ ուղարկելու տարբերակը։ Սակայն Էր Ռիադը հրաժարվել է թույլատրել իսրայելական օդանավի ժամանումը։

Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մինչև 2022 թվականը իսրայելական ավիաընկերություններին և դեպի Իսրայել թռչող ինքնաթիռներին արգելված էր անգամ հատել թագավորության օդային տարածքը։

Սաուդյան Cluster2 ավիացիոն օպերատորն ավելի վաղ հայտնել էր, որ առավոտյան միջադեպից հետո աշխատանքներ են համակարգվում մեկ այլ ինքնաթիռ տրամադրելու ուղղությամբ, որը կփոխարինի Flydubai-ի օդանավին և ուղևորներին կհասցնի նշանակման վայր։

Դուբայից Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ինքնաթիռը ստիպված է եղել փոխել ուղեգիծն ու վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան Թաբուկ քաղաքում։

Սա տեղի է ունեցել օդաչուների խցիկում հարձակումից հետո. իսրայելական աղբյուրները կասկածում են, որ երկրորդ օդաչուն հրամանատարին դանակահարելուց հետո փորձել է առևանգել ինքնաթիռը։ Առայժմ պարզ չէ, թե հատկապես ինչ նպատակ է հետապնդել հարձակվողը։