Մենք տարբեր առիթներով գրել ենք, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը քաղաքական իմաստով փոխկապակցված է Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ և կարող է դառնալ նրա քաղաքական հենարաններից մեկը։ Այս ընթացքում նախաձեռնության գործունեության կարևոր ուղղություններից մեկը երիտասարդների ներգրավումն ու ակտիվ ցանցի ձևավորումն է եղել, ինչը ցանկացած քաղաքական նախագծի մեկնարկի համար անհրաժեշտ ռեսուրս է։
Մեր նախորդ հրապարակումներից մեկում նաև կանխատեսել էինք, որ ինչ-որ փուլում «Ռեստարտը» կարող է հասարակական նախաձեռնությունից վերածվել քաղաքական միավորի կամ առնվազն ուղղակիորեն ներգրավվել ընտրական գործընթացներում։
Եվ ահա առաջին ուշագրավ ազդակը կարծես արդեն կա։ Օրերս «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ նախաձեռնության ակտիվ անդամներից Ռուբեն Բանուչյանը պատրաստվում է մասնակցել Աբովյան խոշորացված համայնքի ընտրություններին։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա կարելի է արձանագրել, որ «Ռեստարտը» աստիճանաբար անցնում է հասարակական ակտիվությունից դեպի ընտրական քաղաքականություն։
Ընդ որում՝ ՏԻՄ ընտրությունները նման նախագծի համար բավական հարմար մեկնարկային հարթակ են։ Դրանք հնարավորություն են տալիս փորձարկել թիմի կազմակերպչական կարողությունները, աշխատել ընտրողների հետ, ձևավորել տեղային կառույցներ և ընտրական պայքարի գործնական փորձ ձեռք բերել՝ առանց անմիջապես համապետական քաղաքականության մեջ մտնելու։
Առավել հետաքրքիր է ժամանակագրությունը։ «Ռեստարտի» ներկայացուցիչների ընտրական գործընթացներին մասնակցելու մասին տեղեկությունը հրապարակային դաշտ է մտնում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո։
Պաշտոնից հեռանալուց հետո Գրիգորյանն այլևս կաշկանդված չէ պետական բարձր պաշտոնի սահմանափակումներով և, եթե որոշի ակտիվ քաղաքական գործունեություն սկսել, դրա համար նրան անհրաժեշտ կլինի ոչ միայն քաղաքական օրակարգ, այլև արդեն ձևավորված ու աշխատող թիմ։ Այդ տեսանկյունից երիտասարդ ակտիվիստների ցանց ունեցող «Ռեստարտը» կարող է դառնալ պատրաստի կազմակերպչական հենարան։
Այս պահին, իհարկե, դեռ վաղ է պնդել, որ Աբովյանի ընտրությունները Արմեն Գրիգորյանի առանձին քաղաքական նախագծի պաշտոնական մեկնարկն են։ Սակայն իրադարձությունների հաջորդականությունը առնվազն ուշադրության է արժանի․ Գրիգորյանը հեռանում է պետական բարձր պաշտոնից, իսկ նրա հետ քաղաքականապես կապվող նախաձեռնության ներկայացուցիչը շարժվում է դեպի ընտրական գործընթաց։
Հետևաբար առաջիկա ամիսներին արժե հետևել ոչ միայն Աբովյանի ընտրություններին, այլև «Ռեստարտի» հետագա քայլերին։ Եթե նախաձեռնության այլ ներկայացուցիչներ ևս սկսեն մասնակցել ընտրությունների, կուսակցական կամ այլ քաղաքական գործընթացների, արդեն ավելի հստակ կերևա՝ գործ ունենք առանձին տեղական նախաձեռնության, թե նոր քաղաքական թիմի ձևավորման հետ։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանը լուրջ մտահոգվելու պատճառ կունենա։ Նախաձեռնության լիարժեք քաղաքական միավոր դառնալը կնշանակի, որ Արևմուտքում որշել են ազատվել նրանից։



