Դատախազության միջնորդությամբ Նոր Հաճնին է վեր...

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ Նոր Հաճն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 93 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը, Կոտայքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ բնակավայրում գտնվող շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի օտարման աճուրդը կազմակերպվել և անցկացվել է «Հրապարակային սակարկությունների» մասին օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչի արդյունքում հողամասը դուրս է եկել համայնքի հաշվեկշռից և դրա նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձի սեփականության իրավունքը:

Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի օտարման աճուրդում Մ.Մ.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի է ունեցել օրենքի էական խախտմամբ, Նոր Հաճըն համայնքի ղեկավարին միջնորդագիր է ներկայացրել՝ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Միջնորդագրի հիման վրա՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 93 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ։