Flydubai-ի երկրորդ օդաչուին կասկածում են հրամ...

Իսրայելական աղբյուրները CNN հեռուստաալիքին հայտնել են, որ Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած և դեպի Իսրայել ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռի երկրորդ օդաչուին կասկածում են օդանավի հրամանատարին դանակահարելուց հետո ինքնաթիռը զավթելու փորձի մեջ։

Դեռևս հայտնի չէ՝ նա նպատակ է ունեցել ինքնաթիռը տապալել գետնին, թե՞ պատանդ վերցնել ուղևորներին։

Թռիչքների հետագծման տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով Դուբայից Թել Ավիվ ուղևորվող օդանավը երկու րոպեից էլ պակաս ժամանակահատվածում կտրուկ ցած է իջել շուրջ 5300 մետրով։

Միջադեպը պատճառ է դարձել, որ Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը անվտանգության հարցերով խորհրդակցություն անցկացնեն։

Իշխանության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ Իսրայելը դիտարկում է ռազմական կամ քաղաքացիական օդանավ ուղարկելու հնարավորությունը՝ ուղևորներին տուն վերադարձնելու համար։

Ավելի վաղ i24News հեռուստաալիքը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ հրեական պետության իշխանություններն օդանավում տեղի ունեցածը դիտարկում են որպես ահաբեկչություն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրորդ օդաչուն (Օմանի քաղաքացի) դանակահարել է օդանավի հրամանատարին (ԱՄԷ քաղաքացի) և փորձել զավթել ղեկը։ Հարձակվողին վնասազերծել են ուղևորներն ու անձնակազմի անդամները, իսկ Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում ինքնաթիռը վայրէջք կատարելուն օգնել են օդանավում գտնվող ՀԱՀ-ի և Նոր Զելանդիայի օդաչուները։