«Հայաստանը չի կարելի հանել»․ Պուտինի նոր քայլ...

Ռուս-հայկական հարաբերությունների լարվածության և Երևանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման ֆոնին Ռուսաստանը փորձում է պահպանել իր ռազմավարական ներկայությունը Հայաստանի էներգետիկ համակարգում։ Սեպտեմբերի 29-ին Երևան ժամանած «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու ռուսական առաջարկը։

Սակայն առավել ուշագրավ է այցին նախորդած իրադարձությունների հաջորդականությունը։

Երևան գալուց ընդամենը մեկ օր առաջ Լիխաչովը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Խոսելով «Ռոսատոմի» միջազգային ներկայության մասին՝ նա հատուկ անդրադարձել էր Հայաստանին։

«Հայաստանը չի կարելի հանել, որովհետև մենք երկարաձգում ենք ատոմակայանի աշխատանքը։ Այնտեղ ղեկավարությունը կորոշի՝ որ ճանապարհով գնալ, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- Պուտինին ասել էր Լիխաչովը։

Այս ձևակերպումը հատկապես ուշագրավ է ներկայիս քաղաքական իրավիճակի համատեքստում։ Լիխաչովը փաստացի ընդգծում է, որ անկախ նրանից, թե Հայաստանի ղեկավարությունը «որ ճանապարհով կգնա», Ռուսաստանը շարունակում է ներկա մնալ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ատոմային էներգետիկայի ոլորտում։

Արդեն հաջորդ օրը Լիխաչովը Երևանում հանդիպել է Փաշինյանին և ներկայացրել Ռուսաստանի կոնկրետ առաջարկը։ «Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել առնվազն 1 ԳՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ՝ ռուսական ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով։ Քննարկվում են նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների տարբերակներ։

Լիխաչովը Երևանում նաև նշել է, որ իր այցը և մանրամասն քննարկումները Փաշինյանի՝ Պուտինի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքն են։

Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է ուսումնասիրել տարբեր միջազգային գործընկերների առաջարկները, իսկ վերջնական ընտրությունը կատարվելու է՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետներն ու երաշխիքները։

Ստացվում է ուշագրավ հաջորդականություն․ Փաշինյանը նոր ԱԷԿ-ի հարցը քննարկում է Պուտինի հետ, այնուհետև Լիխաչովը հանդիպում է Ռուսաստանի նախագահին և հայտարարում՝ «Հայաստանը չի կարելի հանել» ու «մենք այնտեղ ներկա ենք», իսկ արդեն հաջորդ օրը գալիս է Երևան՝ Փաշինյանին ներկայացնելու ռուսական կոնկրետ առաջարկը։

Ատոմային էներգետիկան սովորական տնտեսական նախագիծ չէ։ Նոր ատոմակայանի տեխնոլոգիայի և մատակարարի ընտրությունը կարող է տասնամյակներով պայմանավորել Հայաստանի համագործակցությունը ընտրված երկրի հետ։ Այդ պատճառով Ռուսաստանի ակտիվությունը կարելի է դիտարկել նաև Հայաստանի հետ ռազմավարական կապերը պահպանելու ավելի լայն քաղաքականության համատեքստում։

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս լարվածության պայմաններում իրադարձությունների այս շղթան հիմք է տալիս քննարկելու նաև ավելի լայն քաղաքական հարց՝ արդյոք Մոսկվան տնտեսական և ռազմավարական համագործակցության խոշոր նախագծերի միջոցով փորձում է վերականգնել Երևանի հետ թուլացած կապերը։