
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին անվանել է «ռուսական օլիգարխ» Բիձինա Իվանիշվիլու ստրուկ, «Վրացական երազանքի» անդամներին՝ «ռուսական շնիկներ», իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ «արդիականության Չերչիլ», որն «ընդմիշտ ցրեց Ռուսաստանի անպարտելիության առասպելը», տեղեկացրել է «Грузия Online»-ը։
Պետության նախկին ղեկավարը այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետի մեկնաբանությունն այն մասին, որ «Միխայիլ Սաակաշվիլու թիմի մեղքը չի բացառում Ռուսաստանի Դաշնության մեղքը 2008թ. օգոստոսին», եւ որ «Երազանքը» ընտրություններից հետո կդատի Միասնական ազգային շարժմանը «օգոստոսյան պատերազմի» համար։
Այս մասին նա գրել է սոցցանցում։ Սաակաշվիլու խոսքով՝ «Երազանքի» հարձակումները բացատրվում են ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի «ֆենոմենալ հաջողության» վախով։
«Իրեն Վրաստանի վարչապետ անվանող էակը» հերթական անգամ հարձակվել է նախագահ Զելենսկու վրա։
Ես ռուսական շնիկների ներկա սրացումը պատահական չեմ համարում։ Այն տեղի է ունենում Կուրսկի գործողության ֆենոմենալ հաջողության ֆոնին, որը ոչ միայն Պուտինին է շոկի մատնել, այլեւ մահացու վախեցրել է վրաց-ռուսական օլիգարխ Իվանիշվիլուն։
Ո՞վ է Վլադիմիր Զելենսկին, եւ ո՞վ է մեկը՝ Իրակլի Կոբախիձե անունով։ Զելենսկին արդիականության Չերչիլն է, որը, պաշտպանելով իր երկիրը, ընդմիշտ ցրել է Ռուսաստանի անպարտելիության առասպելը։ Իսկ Կոբախիձեն իր երկիրը մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ եւ ցանկանում է դատել ինձ այն բանի համար, որ ագրեսորին դիմադրություն եմ ցուցաբերել։
Կոբախիձեն ռուսական օլիգարխի սովորական ստրուկ է, մինչդեռ Զելենսկին զրոյի է հասցրել ուկրաինական քաղաքականության վրա ցանկացած ստվերային եւ արտաքին ազդեցություն։ Զելենսկին հավերժացել է պատմության մեջ, իսկ այդ վրացի «թուլաներին», որոնք լուսնահաչ են տալիս ռուսական ձեւով, ոչ ոք չի հիշելու, հենց որ նրանց հեռացնեն։
Իսկ վրացի ժողովուրդը նրանց կհեռացնի այս աշնանը, որքան էլ որ Իվանիշվիլին ու նրա տերը փորձեն գողանալ ընտրությունները»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։