Ռուսաստանը եւ Չինաստանը ստորագրել են ներդրում...

Ստորագրվել են համատեղ հայտարարություն, ռուս-չինական ներդրումային համագործակցության պլանը եւ միջկառավարական ու միջգերատեսչական 15 այլ փաստաթղթեր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի 29-րդ հանդիպման արդյունքում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Մշտական հանդիպումների մեխանիզմին նվիրված երկու արձանագրություններից եւ կառավարական հանձնաժողովների աշխատանքին նվիրված չորս արձանագրություններից բացի՝ երկու երկրների պատվիրակությունները ստորագրել են նաեւ քաղաքացիների ուղեւորությունների դյուրինացման համաձայնագրի արձանագրությունը, ինչպես նաեւ արձանագրություն ՌԴ եւ Չինաստանի բուհերի միջեւ հիմնարար հետազոտությունների ոլորտում համագործակցությանն աջակցելու մասին։ Կնքվել է նաեւ համաձայնություն ռուսական Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի եւ Չինաստանի գիտության նախարարության միջեւ։

Ստորագրվել են նաեւ փոխըմբռնման հուշագրեր՝ բարձր ավտոմատացված տրանսպորտի տրանսսահմանային օգտագործման, ծովում համագործակցության, քիմիական արդյունաբերության, բնապահպանության ոլորտներում համագործակցության մասին։

ՌԴ եւ Չինաստանի մաքսային կառույցները եւս ստորագրել են երկու փաստաթուղթ. Մոսկվան եւ Պեկինը կհամագործակցեն «միասնական պատուհանի» մեխանիզմի աշխատանքի ոլորտում՝ մաքսային ձեւակերպումների ժամանակ, ինչպես նաեւ կամրապնդեն մեթոդաբանական եւ տեղեկատվական համագործակցությունը մաքսային վիճակագրության ոլորտում։ Ներկայում ռուսական եւ չինական կողմերը մի փոքր տարբերվող գնահատականներ են տալիս ապրանքաշրջանառությանը, իսկ փաստաթուղթը թույլ կտա հաշվարկներում մոտենալ միասնական մոտեցման։