Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ոլորտում շարունակվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարեւորելով ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավումը, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայողների համար աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերթական առաջընթացն է արձանագրել, այս անգամ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տասնյակ տարիներ հիշյալ քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենքի նկուղային հարկը, անմիջապես դրա վերեւում տեղակայված երկարատեւ տեսակցությունների սենյակները, մանկական խաղասենյակը եւ աշխատասենյակները գտնվել են անմխիթար եւ հակասանիտարական վիճակում, ինչը պայմանավորված է եղել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի սխալ մոնտաժման եւ շահագործման հանգամանքներով։
Վերը թվարկված սենյակների սանհանգույցները խողովակաշարերով միացված չեն եղել ընդամենը հաշված մետրերի վրա գտնվող դիտահորին, կոյուղաջրերը 20 տարուց ավել թափվել եւ կուտակվել են նկուղային հարկի հատակին, ինչի հետեւանքով գարշահոտություն է տարածվել ինչպես նկուղում եւ վերեւում գտնվող սենյակներում, այնպես էլ ողջ մասնաշենքում։
Խոնավության հետեւանքով պարբերաբար առաջացել են նաեւ սենյակների պատերի արտաքին շերտերի քայքայումներ եւ բորբոսի հետքեր։
Հակասանիտարական այդ վիճակը վերացնելու նպատակով նախեւառաջ վերանորոգվել է ջրահեռացման ցանցը. նկուղային հարկում կատարվել են կեղտաջրերի հավաքման եւ մաքրման, խողովակաշարերի կառուցման եւ դիտահորի հետ համակցման աշխատանքներ։ Այնուհետեւ վերանորոգվել են նաեւ երկարատեւ տեսակցությունների սենյակների, մանկական խաղասենյակի եւ աշխատասենյակների հատակներն ու պատերը՝ արդյունքում ապահովելով թե՛ ազատությունից զրկված անձանց պահման եւ թե՛ վարչակազմի աշխատանքային բարվոք պայմաններ։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մշտապես հիմնախնդիրներից մեկն է հանդիսացել մասնաշենքերի տանիքների ոչ բարվոք վիճակը՝ պայմանավորված երկար տարիներ դրանց վերանորոգման ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու, քամու ու բնական այլ երեւույթների հետեւանքով շարքից դուրս գալու եւ անձրեւաջրերն ու ձնհալից առաջացած ջրահոսքերն անարգել շինության ներս թափանցելու հանգամանքներով։
Մասնավորապես՝ 2021 թվականի ապրիլի 10-ին հերթական ուժեղ քամու հետեւանքով ամբողջությամբ պոկվել եւ հարակից տարածք էր ընկել քրեակատարողական հիմնարկի ակումբի տանիքը։
Պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները տնտեսելու, միաժամանակ դրանց արդյունավետ եւ նպատակային ծախսն ապահովելու համար տանիքի վերանորոգումը հիմնականում իրականացվել է շահագործմանը պիտանի նախկին թիթեղներով, վերանորոգման ընթացքում օգտագործվել են նաեւ ամբողջովին նոր շինարարական նյութեր (մասամբ նաեւ՝ նոր թիթեղածածկ)։
Դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում շահագործման հանձնված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն ունեցել է մեծ դահլիճ, որտեղ անցկացվել են ինչպես խորհրդակցություններ եւ ժողովներ, այնպես էլ արտագնա դատական նիստեր։ Հետագա տարիների ընթացքում դահլիճում վերանորոգման աշխատանքներ չկատարելու պատճառով այն դարձել էր իր նպատակային նշանակությանը չծառայող տարածք եւ օգտագործվել որպես պահեստ։
Անազատության մեջ պահվող անձանց իրավունքների եւ օրինական շահերի իրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրման, այդ թվում՝ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով դատական նիստերի օպերատիվությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով վերոհիշյալ դահլիճում իրականացվել են վերանորոգման եւ կահավորման աշխատանքներ, ինչի արդյունքում այսուհետեւ այնտեղ կարող են անցկացվել ինչպես արտագնա դատական նիստեր, այնպես էլ խորհրդակցություններ, ժողովներ, լուսավորչական, մշակութային, հոգեւոր-կրոնական եւ այլ միջոցառումներ։
Հատկանշական է, որ տարիներ շարունակ առաջնային համարվող վերոհիշյալ խնդիրները լուծվել են ոչ մեծ ֆինանսական ծախսերով՝ շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգման եւ պահպանման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
Հարկ է նշել նաեւ, որ ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությամբ» նախատեսվել էր մինչեւ 2023 թվականը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակել եւ Երեւան քաղաքի տարածքում կառուցել քրեակատարողական նոր հիմնարկ, սակայն նախ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման, իսկ այնուհետեւ նաեւ՝ Արցախի Հանրապետությունում ծավալվող պատերազմական գործողությունների հետեւանքով հիշյալ ռազմավարական ծրագրի իրագործումը ժամանակավորապես առկախվել է։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ազատությունից զրկված անձանց համար պահման պատշաճ պայմանների ապահովման նպատակով միջանկյալ լուծումներ են տրվում։



