Փաշինյանի «ախպերը» միլիարդներ է աշխատում

Հայաստանում մանրածախ առևտրի շուկան արագ փոխում է իր դեմքը։ Այն, ինչ զարգացած երկրներում հաճախ կարգավորվում է պետության կողմից՝ փոքր խանութների, ընտանեկան բիզնեսի և տեղական արտադրողների գոյությունը պահպանելու համար, Հայաստանում թողնված է գրեթե ինքնահոսի։ Երևան Սիթի, ՍԱՍ, Էվրիկա, Գրին, 88, Զովք և այլ սուպերմարկետների ցանցերը սնկի պես աճում են՝ աստիճանաբար գրավելով ոչ միայն Երևանի, այլև հանրապետության տարբեր համայնքների առևտրային տարածքը։ Արդյունքում փոքր խանութները, կրպակներն ու ընտանեկան բիզնեսները օր օրի կորցնում են հաճախորդին, շրջանառությունը և վերջապես՝ գոյության իրավունքը։

Խնդիրը միայն այն չէ, որ խոշոր ցանցերը շատանում են։ Խնդիրն այն է, որ շուկան աստիճանաբար կենտրոնանում է մի քանի խաղացողների ձեռքում։ Երբ որևէ սուպերմարկետային ցանց, օրինակ՝ Երևան Սիթին, այնքան է տարածվում, որ կարողանում է իր վաճառքի ծավալներով որոշել՝ որ ապրանքը կմտնի շուկա, որը կմնա դարակին, իսկ որը ընդհանրապես առաջխաղացում չի ունենա, դա արդեն սովորական բիզնես չէ․ դա շուկայի վրա ազդեցության լծակ է։ Այդպիսի ցանցը կարող է որոշել ոչ միայն գինը, այլև տեղական արտադրողի ճակատագիրը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զարգացած պետությունները վաղուց հասկացել են այս վտանգը։ Գերմանիայում առևտրային օբյեկտների աշխատանքի ժամերը, հատկապես կիրակի օրերին, խիստ սահմանափակվում են․ շատ նահանգներում խանութները կիրակի և տոնական օրերին փակ են մնում, իսկ որոշ նահանգներում աշխատանքային օրերին ևս գործում են ժամային սահմանափակումներ։ Սա միայն սոցիալական կամ կրոնական ավանդույթ չէ, այլ նաև մանրածախ շուկան հավասարակշռելու միջոց է։

Հարավային Կորեայում խոշոր սուպերմարկետների համար կիրառվել են պարտադիր փակ օրեր՝ ավանդական շուկաներին և փոքր առևտրին շնչելու հնարավորություն տալու համար։ Եվրոպական միությունում էլ հատուկ կանոններ են գործում մատակարարներին պաշտպանելու համար․ թույլ չի տրվում, որ մեծ գնորդները՝ այդ թվում սուպերմարկետային ցանցերը, ուշացնեն վճարումները, միակողմանի փոխեն պայմանագրերը կամ ճնշեն գյուղմթերք արտադրողներին ու փոքր մատակարարներին։ ԵՄ-ն սա դիտարկում է որպես թույլ կողմի պաշտպանություն ուժեղ գնորդից։

Այս ամենի ֆոնին Հայաստանում հակառակ գործընթացն է։ Փոքր խանութը մենակ է մնում շուկայի հսկաների դեմ։ Նա չունի այն ծավալը, որով կկարողանա մատակարարից էժան գին ստանալ։ Չունի այն ֆինանսական հզորությունը, որով կարողանա ամիսներով վնասով աշխատել՝ միայն մրցակցին դուրս մղելու համար։ Չունի այն լոգիստիկան, գովազդը, պահեստային հնարավորությունները և ազդեցությունը, որն ունեն խոշոր ցանցերը։ Արդյունքում փակվում է ոչ թե պարզապես մի խանութ, այլ մի ընտանիքի անկախ եկամտի աղբյուր։

Փոքր խանութը Հայաստանի համար միայն առևտրի կետ չէ։ Դա գյուղում, թաղամասում կամ փոքր քաղաքում ընտանիքի ապրուստի միջոց է, հաճախ նաև համայնքային կյանքի մաս։ Երբ այդ խանութը փակվում է, պետությունը կորցնում է փոքր հարկատուի, ընտանիքը կորցնում է ինքնուրույն եկամուտը, համայնքը կորցնում է տեղական տնտեսական ակտիվությունը, իսկ շուկան ավելի է կենտրոնանում մի քանի խոշոր խաղացողների ձեռքում։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե սուպերմարկետների դեմ արշավ, այլ արդար կանոններ։ Պետությունը պետք է քննարկի խոշոր ցանցերի տարածքային ընդլայնման սահմանափակումներ, հակամենաշնորհային խիստ վերահսկողություն, փոքր խանութների հարկային արտոնություններ, տեղական արտադրողների պաշտպանության մեխանիզմներ և մատակարարների նկատմամբ սուպերմարկետների պայմանագրային ճնշման արգելք։ Հակառակ դեպքում վաղը կունենանք ոչ թե ազատ շուկա, այլ մի քանի ցանցերի կողմից կառավարվող առևտրային համակարգ, որտեղ փոքր բիզնեսը գոյություն կունենա միայն այնքան ժամանակ, քանի դեռ մեծերը չեն որոշել մտնել նրա փողոցը։

Պետությունը պարտավոր է պաշտպանել ոչ թե թույլ բիզնեսը ուժեղից, այլ արդար մրցակցությունը շուկայի կենտրոնացումից։ Եթե այսօր փոքր խանութը փակվում է լռության մեջ, վաղը նույն լռության մեջ քաղաքացին կկանգնի մի քանի ցանցերի սահմանած գների առաջ։

Հ․Գ․ Ընդդիմադիր տարիներին Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր քննադատում էր Սամվել Ալեքսանյանին՝ հայտարարելով, որ խոշոր սուպերմարկետային ցանցերը խլում են հազարավոր ընտանիքների ապրուստի միակ աղբյուրը։ Այսօր, սակայն, հենց նրա իշխանության տարիներին այդ նույն ցանցերի ընդլայնումը շարունակվում է աննախադեպ տեմպերով։ Ժամանակին ճիշտ էր ասում Ալեքսանյանը, որ «Փաշինյանը իրենց ախպերն է»։