Ֆաբրիցիո Ձարկոնեն ստանձնում է Հայաստանում Համ...

Այսօր Ֆաբրիցիո Ձարկոնեն ստանձնում է Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի երկրի ղեկավարի պաշտոնը՝ միավորելով երկրում Համաշխարհային բանկի խմբի կառույցների ղեկավարությունը՝ Հայաստանի պետական և մասնավոր հատվածների առաջնահերթություններին առավել համապարփակ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 

Ինչու է սա կարևոր. Միասնական ղեկավարման նոր ձևաչափը կուժեղացնի Համաշխարհային բանկի խմբի կարողությունը՝ առավել համակարգված կերպով աջակցելու Հայաստանի զարգացման առաջնահերթություններին՝ համադրելով պետական և մասնավոր հատվածներին ուղղված իր ֆինանսական ու խորհրդատվական հնարավորությունները։ Գործընկերների համար սա հնարավորություն է ստեղծում Համաշխարհային բանկի խմբի ամբողջ գործիքակազմից օգտվելու համար՝ ներառյալ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Ներդրումների երաշխավորման բազմակողմ գործակալության (MIGA) ֆինանսական և խորհրդատվական ծառայությունները։

Հայաստանում Համաշխարհային բանկի խումբն իրականացնում է իր հնգամյա Երկրի հետ գործընկերության շրջանակը (2025-2029), որի հիմնական ուղղություններն են ավելի շատ և ավելի որակյալ աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և տնտեսական, բնապահպանական ու սոցիալական ցնցումների նկատմամբ երկրի դիմակայունության ամրապնդումը։ Պետական և մասնավոր հատվածների հետ համատեղ աշխատանքի միջոցով Համաշխարհային բանկի խումբն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ խթանելու կայուն տնտեսական աճը, ընդլայնելու մասնավոր ներդրումները և ստեղծելու ավելի լայն հնարավորություններ երկրի քաղաքացիների համար։

Ֆաբրիցիո Ձարկոնեն միջազգային զարգացման ոլորտում ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ։ Նախքան 2025 թվականին Հայաստանում նշանակվելը Ձարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար։ Մինչ այդ նա ղեկավարել է բանկի գրասենյակները Բուլղարիայում, Չեխիայում և Սլովակիայում՝ կառավարելով լայնածավալ տեխնիկական աջակցման ծրագրեր։ Նա նաև ղեկավարել է Կոստա Ռիկայի և Սալվադորի գրասենյակները՝ համակարգելով վարկային և խորհրդատվական ծրագրերը։ Կարիերայի ավելի վաղ փուլում Ձարկոնեն աշխատել է Մերձավոր Արևելքում՝ համակարգելով բյուջետային աջակցության կարևոր ծրագրեր Արևմտյան Ափում և Գազայի գոտում։ Նա ունի Իսպանիայի Բիզնեսի կառավարման բարձրագույն բիզնես դպրոցի (Escuela Superior de Administración y Dirección de Empresas (ESADE)) կողմից մենեջմենթի գիտությունների դոկտորի կոչում, ինչպես նաև Եվրոպական տնտեսագիտության և իրավունքի մագիստրոսի աստիճան:

Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի մասին թվերով․

  • 1992 թվականին Համաշխարհային բանկին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստացել է ավելի քան 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և պետական կառավարման արդիականացման ծրագրերի իրականացման համար։

  • 1995 թվականին Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ) անդամակցելուց ի վեր Հայաստանը օգտվել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի ՄՖԿ-ի ներդրումներից, ներառյալ համաֆինանսավորումը, որոնք նպաստել են տնտեսության վերափոխմանը՝ ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման և միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնման միջոցով։

  • 1995 թվականին Ներդրումների երաշխավորման բազմակողմ գործակալությանն (ՆԵԲԳ) անդամակցելուց ի վեր Հայաստանը օգտվել է ՆԵԲԳ-ն երաշխիքներից, որոնք խթանում են մասնավոր ներդրումները ռազմավարական ենթակառուցվածքներում։ ՆԵԲԳ-ն ընթացիկ պորտֆելը ներառում է 39.2 միլիոն ԱՄՆ դոլարի երաշխիք` Երևանի համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում «ԱրմՓաուեր» ՓԲԸ-ի բաժնային ներդրումների համար։ 

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը ունի նորանշանակ ղեկավար

Ֆաբրիցիո Զարկոնեն Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը կստանձնի 2025 թ. հուլիսի 1-ից։