Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան...

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի տարածքում գտնվող «անվտանգության գոտիներում»՝ առանց զորքերի հնարավոր դուրսբերման ժամկետներ նշելու, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Ըստ նրա՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կշարունակի ներկայությունը այդ շրջաններում՝ «բնակիչներին և համայնքներին պաշտպանելու համար»։

«ՑԱԽԱԼ-ը անժամկետ կմնա Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում՝ պաշտպանելու մեր բնակիչներին ու համայնքներին։ Մենք չենք հեռանա այդ անվտանգության գոտիներից»,- հայտարարել է Կացը:

Նախարարն այս հայտարարությունն արել է 2006 թվականին Լիբանանում պատերազմի ժամանակ զոհված իսրայելցի զինծառայողներին նվիրված միջոցառման ժամանակ։ Նա միաժամանակ կրկնել է Իրանի հասցեին նախկինում հնչած նախազգուշացումները՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունը բախվելու է հարվածի «ամբողջական ուժին», եթե հարձակվի Իսրայելի վրա՝ ի պատասխան Լիբանանում նրա գործողությունների։

Հայտարարությունները հնչել են տարածաշրջանում շարունակվող լարվածության ֆոնին։ Իսրայելը և Լիբանանը անցյալ շաբաթ ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որն ուղղված է լարվածության թուլացմանը և Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահ» խմբավորման զինաթափմանը։ Սակայն իսրայելցի պաշտոնյաները, ներառյալ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, բազմիցս ընդգծել են, որ չեն ծրագրում զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանից մինչև խմբավորման ամբողջական զինաթափումը։

Հակամարտության ընթացիկ փուլի սկզբից ի վեր՝ մարտ ամսից, Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով, իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մոտ 4300 մարդ։ Միաժամանակ, իսրայելական կողմը հայտնում է Լիբանանի տարածքում 38 զինծառայողի և մեկ քաղաքացիական կապալառուի մահվան մասին։

Սիրիայում Իսրայելն, ըստ հաղորդումների, շարունակում է հարվածներ հասցնել և ռեյդեր իրականացնել Բաշար Ասադի տապալումից հետո՝ հայտարարելով երկրի հարավում ապառազմականացված գոտի ստեղծելու մտադրության մասին։

Գազայի հատվածում իսրայելական ուժերը վերահսկում են տարածքի մոտ 70%-ը։ Հակամարտության երկու կողմերն էլ՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, միմյանց մեղադրում են անցյալ տարվա հոկտեմբերից գործող հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։