Երեկ երեկոյան Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց կարևոր որոշում՝ հերթական անգամ արձանագրելով Փարիզի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։
Քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ հնչեղ անվանումը («Esplanade d’Arménie»)։
Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս Վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։



