Նիկոլ Փաշինյանը ժամանակի ընթացքում սկսեց ավել...

2019 թվականի սեպտեմբերին դա առավելագույնն էր, ինչ ես կարող էի անել՝ կանգնեցնելու իշխանությունը զավթած պոպուլիստին և նրա ոչ կոմպետենտ, տարատեսակ ազդեցությունների տակ ընկնող թիմին,- հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի՝ վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ ուկրաինական հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով իր հրաժարականի պատճառներին։

«Իմ հայտարարության մեջ ասված էր․ «Թող իմ հրաժարականը սթափեցնող քայլ դառնա։ Կա՛նգ առ։ Բոլոր այլ դեպքերում կհաղթի պարտքը հայրենիքի նկատմամբ։ Խաղաղություն և անվտանգություն մեր երկրին»,- արձանագրել է նա։

ԱԱԾ նախկին տնօրենի խոսքերով՝ տարերային որոշումները, գործողություններում անվստահությունը, առաջնահերթն ու երկրորդականը տարբերակելու անկարողությունը և Փաշինյանի քաղաքականության այլ սկզբունքները ոչ մի ընդհանրություն չունեն սպայի պատվի ու արժանապատվության հետ։

Նա պատմել է, որ նախքան հրաժարական տալը բազմիցս փորձել է պարզաբանել Փաշինյանին՝ տարբեր հարցերի վտանգավոր հետեւանքները, սակայն նա չի ցանկացել լսել ոչին։

«Իմ հրաժարականին նախորդել են հարյուրավոր օրերի աշխատանք և պարզաբանումներ, սակայն Նիկոլը ոչինչ չէր լսում կամ չէր ուզում լսել, չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, պայմանավորվածություններին և էթիկային չհետևել, ընկնել վերնագրերի, իրավիճակային լուծումների և միանգամյա արդյունքների հետևից՝ առանց մտածելու երկրի և ժողովրդի համար դրանց հետևանքների մասին»,- ասել է Ա.Վանեցյանն ու ավելացրել. «Անկեղծ ասած՝ դեռ 2018 թվականին ես հուսով էի, որ պոպուլիստ Փաշինյանին հնարավոր է ուղղել, պետական և կառուցողական հունի մեջ դնել, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ մարդն ի վիճակի չէ մի երկրի առաջնորդ լինել, որն ունի բազում խնդիրներ տնտեսության և անվտանգության ոլորտում»։

Նա նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակ բավականին հաճախ է շփվել Փաշինյանի հետ եւ իրեն հասնող տեղեկատվության վերաբերյալ հատուկ կարծիքը հայտնել նրան։

«Արդյո՞ք ես ունեի հատուկ կարծիք ինձ հասնող տեղեկատվության արդյունքում․ այո՛, ունեի։ Ես պարբերաբար հայտնում էի դրանք Փաշինյանին, մենք շփվում էինք բավականին հաճախ և սերտ, քանի որ ապրում էինք միմյանց հարևանությամբ։ Դա նրա մոտ հաճախ լարվածություն էր առաջացնում, և որպես վերջնարդյունք՝ նա ստացավ իմ հրաժարականի դիմումը, սակայն եզրահանգումներ չարեց։ Այդ իսկ պատճառով, ինչպես և խոստացել էի իմ հայտարարության մեջ, շարունակում եմ իմ պարտքը կատարել հայրենիքի առաջ, բայց արդեն «Հայրենիք» ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի կարգավիճակում»,- նշել է Վանեցյանը։