Նավալնիի նախկին փաստաբաններն ազատազրկման են դ...

Վլադիմիրի շրջանի Պետուշինսկի դատարանը Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններ Վադիմ Կոբզևին, Ալեքսեյ Լիպցերին և Իգոր Սերգունինին դատապարտել է 3,5-ից 5,5 տարվա ազատազրկման՝ «ծայրահեղական» համայնքի՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի (FBK) մասնակցության գործով, հայտնում է «Մեդիազոնա»-ն։

Դատավոր Յուլիա Շիլովան Վադիմ Կոբզևին դատապարտել է հինգ տարի վեց ամիս, Ալեքսեյ Լիպցերին՝ հինգ տարի, Իգոր Սերգունինին՝ երեք տարի վեց ամիս ազատազրկման։ Նշվում է, որ Սերգունինը ընդունել է մեղքը և սկսել է համագործակցել հետաքննության հետ 2024 թվականի մայիսին։ Պատիժը կրելուց հետո դատապարտյալներին երեք տարով կարգելվի զբաղվել փաստաբանությամբ։ Դատավարությունն անցկացվել է դռնփակ՝ ՖԲԿ-ի կողմից նախապատրաստվող ենթադրյալ սադրանքի մասին «Э» կենտրոնի հայտարարության պատճառով:

Դեկտեմբերի 17-ին դատախազությունը պահանջել էր ընդդիմության առաջնորդի նախկին փաստաբաններին դատապարտել հինգուկես տարվա ազատազրկմա՝ն մինչև հինգ տարի 11 ամիս ժամկետով, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 282.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առավելագույն պատիժը։

Նավալնիի փաստաբանները կալանավորվել են 2023 թվականի հոկտեմբերին։ Մեղադրող կողմը պնդում էր, որ նրանք պարբերաբար Նավալնիի նամակները փոխանցել են քրեակատարողական գաղութից նրա գործընկերներին՝ «օգտագործելով իրենց կարգավիճակը»: Այս կերպ ընդդիմադիրը «շարունակել է իրականացնել ծայրահեղական համայնքի ղեկավարի և տնօրենի գործառույթները»։ Քաղաքական գործչի համախոհները պնդում էին, որ գաղութում հանդիպումների ժամանակ նրան և իր պաշտպաններին լրտեսել են թաքնված տեսախցիկների միջոցով։

2023 թվականի նոյեմբերին Կոբզևը, Լիպցերը և Սերգունինը ավելացվեցին «Ռոսֆինմոնիտորինգ»-ի «ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում»: Անցյալ օգոստոսին այս ցուցակին ավելացան նաև ՖԲԿ ղեկավար Մարիա Պևչիխը և Նավալնիի նախկին մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Այնտեղ են հայտնվել նաև մահացած ընդդիմադիրի փաստաբանները՝ Օլգա Միխայլովան և Ալեքսանդր Ֆեդոլովը, ովքեր կարողացել էին լքել Ռուսաստանը։

Իր եզրափակիչ հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակել է «Նովայա գազետա»-ն, Կոբզևը իրավապաշտպանների հետապնդումները համեմատել է 1930-50-ական թվականներին ԽՍՀՄ-ում կիրառված պատիժների հետ։ «Մարդիկ՝ նույն լուրջ դեմքի արտահայտությամբ (և պատահում էր, որ դրանք նույն մարդիկ էին լինում) այդ վճիռները բեկանում էին՝ ձեռքերը բարձրացնելով և ցածրաձայն ասելով. «Այսպիսին էին ժամանակները»: Անցել է 80 տարի, պատմությունը թեւակոխել է հերթական փուլ»,- նշեց նա։