Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները ի...

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ Բաքվում գերեվարված Արցախի հայ ռազմաքաղաքական գործիչների կեղծ դատավարությունների և դրանց լուսաբանման խնդիրների մասին։ Հայտարարությունը ներկայացված է ստորև։

«Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները իրավական չեն

Այսօր  Բաքվում մեկնարկում են գերևարված Արցախի հայ ռազմաքաղաքական գործիչների կեղծ դատավարությունները, որի մասին մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածվել:

Երեկ ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարություն է փոխանցել նաև Ռուբեն Վարդանյանը՝ ահազանգելով մի շարք դատավարական խախտումների մասին.Մասնավորապես.

Վարդանյանի ստորագրությունները կեղծվել են անհայտ բովանդակությամբ ցուցմունքների և այլ ընթացակարգային գործողությունների համար։

Ճնշումներ են գործադրվել նաև փաստաբանի և թագմանչի նկատմամբ այդ փաստաթղթերը ստորագրելու համար

Վարդանյանին և նրա փաստաբանին հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը և հասկանալի լեզվով գործի նյութերին ծանոթանալու համար չի տրվել ողջամիտ ժամանակ։ [2]

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման հանգամանքները և բաց աղբյուրներում առկա այս և մի շարք այլ տեղեկություններ փաստում են, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական հետապնդում է։

Ապացուցված խոշտանգումների, հայատյացության ընդհանուր կոնտեքստի և ողջամտորեն չհերքվող այլ հիմնարար իրավունքների խախտման համատեքստում [3] որևէ պարագայում չի կարելի իրավական համարել Բաքվում ընթացող դատավարությունները։

Պետք է նկատի ունենալ, որ քաղհետապնդման ենթարկվող գործիչների կողմից նախկինում, ներկայում կամ ապագայում կորզվելիք որևէ ցուցմունք չի կարող արժանահավատ համարվել, քանի որ այն բխում է խոշտանգումից կամ դրա անմիջական սպառնալիքից։

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ քաղաքական հետապնդում պետք է համարել ոչ միայն գերևարող պետության կողմից խոշտանգումների և դատավարական իրավունքների խախտումները, այլև քաբանտարկյալների քաղաքացիության երկրի՝ Հայաստանի Հանրապետության  կողմից իրավունքների պաշտպանության պատշաճ մեխանիզմների տրամադրումից հրաժարումը։ Այն դեպքում, երբ պետությունը չի գործարկում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ թվում միջազգային իրավական գործիքակազմը, հիմնավոր պետք է համարել նաև Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքական հետապնդում իրականացնելու կասկածը։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ Բաքվի ռեժիմը վերածելու է այդ գործընթացը հակահայկական քարոզչական շոուի՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում լրատվամիջոցներին, մեկնաբաններին, սոցիալական հարթակներում ակտիվ օգտատերերին.

Առավելագույնս զգուշությամբ լուսաբանել գործընթացը, որպեսզի ակամա չնպաստել ադրբեջանական կողմի հակահայկական քարոզչական ուղերձների լրացուցիչ տարածմանը;

Հնարավորինս մանրակրկիտ կերպով ստուգել դատավարության վերաբերյալ՝ ադրբեջանական, ինչպես նաև ոչ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված լուրերը, զերծ մնալ կասկածելի որևէ նյութ տարածելուց;

Զերծ մնալ հայ քաղբանտարկյալների լուսանկարները, տեսանյութերը տիրաժավորելուց՝ հասկանալով, որ ադրբեջանական կողմը դաշտ է բաց թողնելու միայն այնպիսի տեսաձայնային նյութեր, որոնք կարող են մեկնաբանվել ի վնաս հայ բանտարկյալների։