«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականի հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին:
Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Կուտոյանի հետ դեպքը տեղի էր ունեցել նախօրեին, երբ նա տանը միայնակ էր, իսկ կինն ու երեխան եղել են ծնողների տանը: Հայտնել էինք նաեւ, որ կրակոցն արձակվել է իրեն պատկանող զենքից, տան սենյակի պատերին 35 կրակոցի հետքեր էին առկա եղել: Դեպքից անմիջապես հետո հարուցվեց քրեական գործ՝ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզվել էր, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել էր Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգեւատրման կարգով: Կուտոյանին գտել են մահացած 2018 թվականի իշխանափոխությունից 2 տարի անց ու առաջին վարկածը, որ առաջ քաշվեց, նա էր, որ Գեորգի Կուտոյանը ահռելի ինֆորմացիայի էր տիրապետում ու միգուցե նրան իշխանափոխությունից հետո ասել են կա՛մ պետք է ցուցմունք տաս նախկին իշխանության դեմ, կա՛մ կալանավորվես։ Իսկ նա նախընտրեց ինքնասպան լինել:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա չհամակերպվեց այսօրվա իրականության հետ։
Վարկածներ, որոնք մինչ օրս առաջ են քաշվում ու դեռեւս մնում են օդից կախված:
Իսկ ի՞նչ են պատմում Գեորգի Կուտոյանի մտերիմները, հարցաքննված հարևանները։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հիշում է՝ ինչպես Գեորգի Կուտոյանը մտավ ԱԱԾ շենք, ու ԻՆՉ ՆԱ ԶԳԱՑ՝ ԼՍԵԼՈՎ ՆՐԱ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ։
Ի վերջո ինչի՞ն չդիմացավ Գեորգի Կուտոյանը՝ այդքան երիտասարդ տարիքում վերջ տալով իր կյանքին, ի՞նչ փուլում է նրա ինքնասպանության գործը դեպքից 5 տարի անց: Այս հարցերի պատասխանը ArmLur.am-ը փորձեց պարզել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնեցին՝ քննությունը շարունակվում է: