Մեր հայ պատանդները Բաքվում են մեզ համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մասնակցում է հայ գերիների ազատ արձակման պահանջով արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային։
Նա նշեց, որ նրանք այնտեղ շինծու դատավարության առաջ են կանգնում, խոշտանգվում են, անմարդկային վերաբերմունքի են արժանանում, որովհետև ներկայացնում են մեզ՝ նախ որպես Արցախի Հանրապետության նախկին և գործող ղեկավարներ, երկրորդը՝ որպես հայեր, բոլորը, ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«Այն անձինք, ովքեր կարծում են, որ Արցախը պետք է գոյություն ունենար, հիմա էլ գոյություն ունենա, Արցախը հայկական է, դա նշանակում է, որ Իլհամ Ալիևի ցեղասպանական ռեժիմի համար մենք բոլորս ահաբեկիչներ ենք: Եթե մենք ահաբեկիչներ ենք, ուրեմն ևս դատապարտվում ենք այնտեղ։ Դրա համար պետք է բոլորս ձայն բարձրացնենք բոլոր հնարավոր ատյաններում և առաջին հերթին ստիպենք, պահանջենք Հայաստանի իշխանություններին, որպեսզի տեղներից շարժվեն և առավելագույնը կատարեն մեր պատանդներին հայրենիք վերադարձնելու համար, մեզ մեր արժանապատվությունը վերադարձնելու համար»,- հայտարարեց Բեգլարյանը:
Նա նշեց, որ իրենք հավաքվել են ՄԱԿ-ի գրասենյակի առջև որպես միջազգային հանրության հավաքական դեմք և իրենց ակցիան ուղղված է ոչ միայն զուտ ՄԱԿ-ի կառույցներին, նաև բոլոր պետություններին, որովհետև բոլոր պետությունները ՄԱԿ անդամ են։
«Այնուհետև հավաքվելու ենք ԱԳՆ դիմաց, մեր խոսքն ուղղելու Հայաստանի իշխանություններին, որովհետև քանի դեռ մեր պետական ինստիտուտները մեր իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվում անհատական և հավաքական մակարդակով, բնականաբար, այլ պետություններն ընդհանրապես չեն զբաղվելու»,- ասաց Ա.Բեգլարյանը։
Անդրադառնալով Բաքվում մեր գերիների տված հնարավոր ցուցմունքներին, Բեգլարյանը նկատեց, որ դրանք կորզվում են խոշտանգումների միջոցով. «Այնտեղ գտնվող մեր եղբայրները իրավունք ունեն, ազատ են ասելու յուրաքանչյուր միտք, միայն թե իրենք ողջ վերադառնան հայրենիք: Որեւէ մեկը՝ սովոևրական քաղաքացի, կամ իշխանություն կրող անձ, իրավունք չունի թիրախավորելու, հարվածի տակ դնելու մեր եղբայրներին համար: Իրենք այնտեղ են մեր երեսից, իրենք մեզ են ներկայացնում: Մենք առավելագույնս պետք է անենք, որ իրենք չթիրախավորվեն մեր հայրենակիցների կողմից: Մենք ադրբեջանական թեզերը չպետք է բերենք հայկական տիրույթ»,- ընդգծեց նա:
Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։