Մեր բոլոր ջանքերը ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցները, նրանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն օր առաջ դադարեցվեն, անձինք կարողանան վերադառնալ իրեց տները: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մասնակցում է հայ գերիների ազատ արձակման պահանջով արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային։
Ըստ նրա, ակցիաները շատերի մոտ թերահավատություն են առաջացնում, որ դրանով որևէ արդյունք չեն կարող արձանագրել. «Ուզում եմ հետևյալն ասել. առնվազն անգործությունից ավելի լավ է շարունակել պայքարը, և հայաստանյան իշխանությունների, և միազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ ուշադրությունը հրավիրել այս կարևոր, բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցի վրա, հնարավորինս միջազգային ճնշում գեներացնելով՝ հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանն ու հայրենադարձությանը»։
Ստեփանյանի խոսքով՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը եկավ ևս մեկ անգամ հաստատելու այն, ինչի մասին այս ամբողջ ժամանակ խոսում էր իրավապաշտպան համայնքը՝ սա որևէ կերպ չի կարող համարվել իրավական գործընթաց, պահպանված չէ մարդու տարրական իրավունքների պաշտպանությունը, մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում:
Միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, քանի դեռ հստակ ձևակերպված պահանջներ չներկայացվեն Հայաստանի իշխանությունների և սփյուռքի կառույցների կողմից: Միայն դրանից հետո է հնարավոր աճի Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը»,- ասաց Ստեփանյանը։
Նա նաեւ հավելեց, որ թեև Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ բանակցային գործընթացներում մշտապես անդրադառնում են այդ հարցին, բայց առնվազն այդ ջանքերը տեսանելի չեն. «Իմ տպավորությունն այնպիսին է, որ առնվազն քաղաքական մակարդակում առավել մեծ ջանքերի անհրաժեշտություն կա։ Ինչ վերաբերում է իրավականին, այո, գործընթացներ կան»։
Անդրադառնալով Բաքվի դատախազության հայաստանյան իշխանություններին արած համագործակցության կոչին՝ նա ասաց. «Բավքի կողմից վարվող ապօրինի քաղաքականության հերթական դրսևորումն է։ Աբսուրդ եմ գնահատում առհասարակ։ Հույս, ինչ-որ առումով նաև վստահություն ունենանք, որ նման բան չի կարող լինել»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի Հանրապետության՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:
Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։