Ինչպես արդեն գրել ենք, արդեն բավական ժամանակ է` Հայաստանի քաղաքական դաշտում լուրեր են շրջանառվում, ընդ որում, ոչ առանց հիմնավորման, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների`Փաշինյանը նեղ շրջանակում դա հիմնավորել է ընդդիմությանը «դաս տալու» մոտիվացիայով, սակայն, հաշվի առնելով Հայաստանում հակառուսական ուժերի ակտիվացումը, որն ուղղակիորեն քաջալերվում է Փաշինյանի վարչակազմի կողմից, կարելի է ասել, որ այդ նոր ընտրությունները լինելու են ոչ միայն Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար, այլև Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի, աշխարհաքաղաքական ընտրության փոփոխության, կամ որ նույնն է՝ ռուսական ուղեծրից Հայաստանի անջատումն ավարտին հասցնելու համար։
Այս համատեքստում գործող իշխանությունները սկսել են ամեն կերպ քաջալերել արեւմտամետ ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերին, նաև նոր արեւմտամետ ուժեր ներմուծել քաղաքական դաշտ։ Այն իրավիճակը, որն ըստ Արեւմուտքի պլանի, ստեղծվելու է Հայաստանի քաղաքական դաշտում, բավական ծանր վիճակի մեջ է դնելու այն քաղաքական ուժերին, որոնք հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից են՝ լինեն դրանք խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից, թե՞ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից։
Վերջիններս, եթե վերոնշյալ առաջնահերթության իրականացման ֆոնին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մեծ դժվարությամբ են կարողանալու «իրենց խոսքն ասել» կամ հայտնվել խորհրդարանում։ Իշխանության «Ռուսաստանը վատն է, գնանք Արևմուտք՝ ամեն բան լավ կլինի» թեզնին միակ ազդեցիկ հակակշիռը կարող է լինել ընդդիմադիր քաղաքական դաշտի «քոչարյանական» թևը։
Քոչարյանի կառավարման տարիները լավագույն ապացույցն են այն բանի, որ եթե առաջնորդվում ես քո ազգային շահերով, ապա աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ էլ հնարավոր է համաձայնություն ձեռք բերել ու պետք չէ։ Քոչարյանական տարիները նաև ցույց տվեցին, որ հանարվոր է լիարժեքորեն վստահելի մնալ դաշնակցի համար, բայց միևնույն ժամանակ ընկալելի լինել նաև հակադիր կենտրոնների համար։ Քոչարյանական բալանսավորված, ազգային շահի վրա հենվող քաղաքականության ամենավառ օրինակը Իրան-Հայաստան գազամուղի կառուցումն էր։ Գազամուղը կառուցվեց մի պարագայում, երբ Իրանի դեմ կային ամերիկյան խստագույն պատժամիջոցներ, իսկ Ռուսաստանը Հայաստանի գազի շուկայի միակ մատակարարն էր(գազամուղը լրացնում էր ռուսական գազին)։ Քոչարյանի իշխանությանը հաջողվեց համոզել և ԱՄՆ-ին, և Ռուսաստանին, որ այդ գազամուղը զուտ Հայաստանի էնէրգետիկ կարիքների համար են, բերվել էին այնպիսի փաստարկներ, որը ի վերջո երկու կենտրոններն էլ խնդիրներ չստեղծեցին Հայաստանի համար։
Այս պահին հայտնի չէ, թե Հայաստանի երկրորդ նախագահը կմասնակցի՞ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ կամ իր դեմքո՞վ կմասնակցի, թե՞ միջնորդավորված։ Դեռ հայտնի չէ նաեւ նրա դիրքորոշումը ծավալվող գործընթացների վերաբերյալ, սակայն, մեր գնահատմամբ, ընդդիմադիր դաշտի «քոչարյանական» հատվածը միակն է, որ շանս ունի այս դասավորությունում։ Եվ հենց այս թևն է մասնակցության դեպքում լինելու իշխանության գլխավոր գլխացավանքը։
Այստեղ կարեւոր է մի քանի հանգամանք։ Նախ, թե ինչպես կաշխատեն Քոչարյանին հարող ուժերը, ինչպես կկարողանան իրենց թեզերը հասցնել ընտրողներին, ի՞նչ բառապաշարով, ի՞նչ ոճով եւ որքա՞ն հոգեհարազատ կամ ընդունելի կլինեն դրանք ընտրողների համար։ Ըստ այդմ էլ հասկանալի լինի՝ նոր իրականությունում ինչպիսի ազդեցություն կունեան։
Աշխարհաքաղաքական բովանդակությամբ հնարավոր ընտրություններում կարեւոր է նաև Ռուսաստանի ներգրավվածությունը, որպես աշխարհաքաղաքաակն կոնտրոն, որին Հայաստանի իշխանությունների ձեռամբ ցանկանում են հանել տարածաշրջանից։
Ռուսաստանի մասով պետք է մի քանի արձանագրումներ կատարել։ Նախ՝ Մոսկվան, եթե, իհարկե, վերջնական որոշում չունի հեռանալու ռեգիոնից, պետք է փոխի Հայաստանում իր խոսակցության ե՛ւ բառապաշարը, ե՛ւ ոճը, ե՛ւ տոնայնությունը։ Մոսկվան, եթե ցանկանում է Հայաստանում հաջողություն ունենալ, ապա պետք է համագործակցի հայաստանյան հանրության վրա ռեալ ազդեցություն ունեցող ուժերի եւ գործիչների, եւ ոչ թե դեսպանատնից փող ստացողների կամ պարզապես դեսպանատուն ելումուտ ունեցողների հետ։ Կարևոր է նաև, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների ՌԴ ազդեցության տակ գտնվողները առնվազն չաշխատեն Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սրա փորձառությունն ունենք, առնվազն 2021 թվականի ընտրությունների տեսքով։
Մի բան ակնհայտ է, որ կողմերը երկար ժամանակ չունեն պատրաստվելու առաջիկա զարգացումներին, քանի որ դրանք արդեն սկսել են և եթե նախաձեռնողականություն չցուցաբերեն, ապա էլի կուշանան Հայաստանի ապագան որոշող գնացքից։