Կաթողիկոսի հեռացման սցենարը գործի է դրվել. թե...

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր կամ վաղը Հայաստանի քաղաքական ղեկավարության համար վճռորոշ կարող է դառնալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ապագայի հարցը։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է իր գծագրած սցենարը կյանքի կոչել՝ վերջնականապես Մայր Աթոռից հեռացնելով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները արդեն սկսել են անհատական հանդիպումներ ունենալ բոլոր թեմական առաջնորդների հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր ստորագրել էին նախօրեին կայացած եպիսկոպոսաց ժողովից հետո հրապարակված աղմկահարույց հայտարարությունը. անգամ նրանց տներ են այցելում։

Իսկ ովքեր հրապարակայնորեն հայտարարել են, թե այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը չկա, դարձյալ ստիպված են լինում երկար շփվել իրավապահների հետ և բացատրություններ տալ։ Բոլորին բացատրվել է, որ պետք է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և խնդրին տալ լուծում:

ArmLur.am-ի աղբյուրները պնդում են, որ այդ հանդիպումների ընթացքում թեմերի առաջնորդներին ներկայացվում են զարգացումները, թե Կաթողիկոսի դարաշրջանն ավարտված է։

ՔՊ-ի սցենարը հետևյալն է․

• Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է հայտնվել տնային կալանքի կամ որևէ կերպ արտաքին աշխարհից մեկուսացված կարգավիճակի մեջ,

• Եպիսկոպոսների մի մասի թիրախում հայտնված Արշակ Սրբազանը ենթադրվում է, որ կարող է կալանավորվել,

• Իսկ ժամեր կամ օրեր անց համացանցում կհայտնվի Գարեգին Երկրորդի նամակը, որով նա կհայտնի Կաթողիկոսի գահից իր հրաժարականի մասին։

Սրբազանները արդեն հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ: Այս սցենարը, եթե իսկապես իրականացվի, ապա քաղաքական և հասարակական առումով կարող է դառնալ վերջին տասնամյակների ամենախորքային ճգնաժամերից մեկը պետություն–եկեղեցի հարաբերություններում։ Սակայն առավել հետաքրքիրն այն է, որ այս ընթացքում Մայր Աթոռը շարունակում է լռել. չգտանք որևէ մեկի, որը հերքի կամ հաստատի նոր ճնշումների մասին տեղեկությունները։

Միայն մի բան է հստակ․ առաջիկա օրերը կարող են դառնալ որոշիչ ոչ միայն Գարեգին Բ-ի, այլև ողջ Հայ Առաքելական Եկեղեցու ապագայի համար. Փաշինյանը քանդեց եկեղեցին ներսից՝ հոգևորականների ձեռքով։