Ինքնակամ կառույցները հաշվառելու նոր հնարավորո...

Հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծերը միտված են ևս մեկ հնարավորություն ընձեռելու մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները, ընդ որում՝ թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետությանը և համայնքին պատկանող:

Եթե մասնավոր անձանց դեպքում նախապայման է սահմանվում ինքնակամ կառույցի՝ 2021 թ. օրթոլուսանկարներում արտացոլված լինելու վերաբերյալ, ապա պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամերի դեպքում այս կանոնից սահմանվում է բացառություն այն տրամաբանության ներքո, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համընդհանուր, հանրային արժեք է:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա են ինքնակամ կառույցներ, որոնք, չնայած կառուցված են եղել նախքան հիշատակված օրենսդրական փոփոխությունները, սակայն սահմանված ժամկետում չեմ հաշվառվել և չեն օրինականացվել: Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները։

Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով։ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով Կադաստրի կոմիտեին հանձնարարվել է․ «ձեռնարկել անհրաժեշտ քայլեր համապատասխան իրավական ակտի նախագծի մշակման ուղղությամբ, որով հնարավորություն կտրվի մեկ անգամ որոշակի ժամկետով երկարաձգել ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետ(ներ)ը՝ նկատի ունենալով նաև, որ սահմանվող ժամկետ(ներ)ը լրանալուն պես լրացուցիչ երկարաձգում չի նախատեսվելու»։