Մարզերում զբոսաշրջության ներուժը խթանելու նպա...

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից՝ 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրոն՝ ՀՀ Կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թ. օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թ. դեկտեմբերի 31-ը։

Ծրագրի ընդհանուր համակարգման և քաղաքականության աջակցության պարտականությունները կպատվիրակվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ իրականացումը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

Ծրագիրը նպատակն է մեծացնելու Հայաստանի զբոսաշրջության ներուժը՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքային և «փափուկ» ներդրումների իրականացման միջոցով։ Մասնավորապես՝ այն կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։ Ծրագիրը նաև համահունչ է Համաշխարհային բանկի՝ առանձնացված զբոսաշրջային կլաստերներում մասնավոր կապիտալի ներգրավումը խթանելու մոտեցմանը։

Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից՝ կլաստերների ինտեգրված և կայուն զարգացման խթանում, աջակցություն կլիմայակայուն ենթակառուցվածքներին և տեղական տնտեսության մեջ մասնավոր հատվածի մասնակցության խթանում, ծրագրի կառավարում և գործառնական աջակցություն, արտակարգ իրավիճակների արձագանքման պայմանական բաղադրիչ: Մասնավորապես՝ առաջին բաղադրիչով նախատեսվում է Դիլիջանի, Դվինի, Գորիսի, Ջերմուկի և Եղեգիսի համար կլաստերային զարգացման ծրագրերի մշակում և ամփոփում։ Արենիի, Դիլիջանի, Եղեգիսի և Ջերմուկի կլաստերներում զբոսաշրջային կենտրոն՝ ուղղություն կառավարող գրասենյակների ստեղծմանն աջակցում՝ ուսուցման և կարողությունների զարգացման, ապրանքների և սարքավորումների տրամադրման միջոցով։