«Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը երեկ հայտարարեց, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, բայց միայն Ալիևից հետո։
Թաթոյանի այս խոսքը ենթադրում է, որ նա խոսում է արդեն գոյություն ունեցող, համաձայնեցված այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին, որի նախաստորագրումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում։
Իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ինչ-որ փուլում պետք է ստորագրվի, և այստեղ երկիմաստություն լինել չի կարող։ Սակայն ներկայումս գոյություն ունեցող նախաստորագրված տարբերակը Ադրբեջանի կողմից թելադրված փաստաթուղթ է, որը ամբողջությամբ բավարարում է միայն Ադրբեջանի պահանջները։
Թաթոյանի այս հայտարարությունը նշանակում է, որ նա միանում է Նիկոլ Փաշինյանին և ընդունում է Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու գաղափարը, քանի որ այդ պայմանագրի առաջին հոդվածում բառացիորեն նշվում է․
«Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»։ Այսինքն՝ Արցախը նաև Թաթոյանի համար դառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։
Այսպես կոչված խաղաղության պայմանագրի մեկ այլ հոդված առավել ընդգծում է Թաթոյանը ոչ սկզբունքային և ապաքաղաքական լինելը։ Հոդված 15-ում ասվում է․ «Չհակասելով հոդված XIV-ին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն ցանկացած իրավական հարթակում ներկայացված բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև Համաձայնագրի ստորագրումը գոյություն ունեցող խնդիրներին, և չի նախաձեռնի նման նոր հայցեր կամ չի ներգրավվի երրորդ կողմի կողմից ներկայացվող գանգատներում»։ Խաղաղության պայմանագիրը ստորագրող Թաթոյանը փաստորեն համաձայն է նաև այս կետին։
Մինչդեռ ամիսներ առաջ հենց Թաթոյանն էր հայտարարում, որ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ գանգատներից հրաժարվելը անօրինական է։
Ավելին, Թաթոյանը և մի շարք գործիչներ համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ նշված էր, որ․
-
Միջազգային գանգատներից հրաժարվելը անթույլատրելի է։
-
Դրանք անհրաժեշտ են Հայաստանի, Արցախի և ամբողջ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։
-
Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության և կանխել Ադրբեջանի նոր հարձակումները Հայաստանի դեմ։
-
Գանգատները կարևոր են Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների և հանցագործությունների քննության համար։
- Միջազգային պահանջները Հայաստանի դիվանագիտության կարևորագույն գործիք են, և դրանցից հրաժարվելն ծանր վնաս կհասցնի երկրի դիրքին։
- Հայաստանը պարտավորվել է պաշտպանել ադրբեջանական հանցանքներից տուժածների իրավունքները, և գանգատներից հրաժարվելն կխափանի այս կարևոր պաշտպանության համակարգը։
-
Ադրբեջանը տարիներ շարունակ պետական մակարդակով խրախուսել է հայատյացությունը, և գանգատներից հրաժարվելը կնշանակի օրինականացնել այդ քաղաքականությունը։
Ստացվում է՝ հանուն քաղաքական դիվիդենտի Թաթոյանը պատրաստ է անել այն, ինչ անում է Փաշինյանը։ Այսինքն՝ պաշտոնապես ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս և կատարել Ալիևի պահանջը՝ չներկայացնել միջազգային բողոքներ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների դեմ, ինչն անպատիժ է թողնում Արցախում իրականացված էթնիկ զտումն ու սպանությունները։
Մնում է հարցը․ եթե Թաթոյանը շարժվում է Փաշինյանի օրակարգով, ապա ինչո՞վ է նա ընդդիմադիր վերջինս։



