
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, որն արդեն 2,5 տարի զբաղեցնում է այդ պաշտոնը, հայտարարել է, որ վճռական է իր երկրի ազգային շահերն առաջ մղելու հարցում։ Adnkronos-ին տված բացառիկ հարցազրույցում Մելոնին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության, Բրյուսելի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների, առևտրի և միգրացիայի մասին։
Մելոնին անդրադարձել է Թրամփի նախագահության առաջին 100 օրվա ընթացքում ԱՄՆ որդեգրած քաղաքականությանը՝ նշելով, որ, գուցե, դա ցնցել է շատերին, բայց իրեն չի զարմացրել։
««Ամերիկան առաջնահերթ է» սկզբունքը պարզապես քարոզարշավի կարգախոս չէր, որն, ամերիկացի ընտրողներն, ի վերջո, խրախուսեցին. դա քաղաքական ծրագիր էր, որը տարիներ շարունակ մշակվել էր հանրապետական հիմնական վերլուծական կենտրոնների կողմից», - ասել է Իտալիայի վարչապետը։
Ըստ նրա՝ Վաշինգտոնի ձգտումը՝ խթանելու իր ինքնաբավությունն «արդեն ի հայտ էր եկել նախորդ վարչակազմերի օրոք, այդ թվում՝ դեմոկրատների»:
Իտալիայի վարչապետը նշել է, որ իր կառավարությունը ևս փորձում է սեփական ուղին գծել։
«Մենք նույնպես վճռականորեն տրամադրված ենք պաշտպանել մեր սեփական ազգային շահերը՝ Միացյալ Նահանգների հետ մեզ կապող ավանդական բարեկամության շրջանակներում։ Հավատարմորեն, բայց ոչ երբեք՝ հնազանդորեն», - ասել է Մելոնին։
Վերջին շաբաթներին Մելոնին լավ հարաբերություններ է հաստատել Թրամփի հետ, այցելել է Վաշինգտոն՝ քննարկելու ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը: Վարչապետի խոսքով՝ այդ հանդիպումը հիմք է դրել «ավելի առարկայական երկխոսության համար»։։
Իտալիայի վարչապետը կարծում է, որ ԵՄ դիրքորոշումը «իհարկե, պետք է սկսվի մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունից»։
«Սակայն մենք երբեք չպետք է մոռանանք, որ Եվրոպան և Ամերիկան միայն միասին կարող են ուժեղ մնալ ավելի ու ավելի բարդացող համաշխարհային լանդշաֆտում», - ասել է Մելոնին։
Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ իր հարաբերությունները հիմնված են «փոխադարձ հարգանքի և խնդիրները լուծելու ընդհանուր հանձնառության վրա», Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին խոսելիս նա ընդգծել է երկու բարեկամ երկրների ընդհանուր շահերը, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ շատ լավ կաշխատի Գերմանիայի ապագա վարչապետ Ֆրիդրիխ Մերցի հետ։ Իսկ Բրիտանիայի հետ Իտալիան, ըստ Մելոնիի, աշխատում է պաշտպանության, անկանոն միգրացիայի հարցերի շուրջ։