
Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման անդամ հութիները մտադիր են իրենց զենքի հասանելիության գոտում հարվածներ հասցնել այն բոլոր ընկերությունների նավերին, որոնք աշխատում են Իսրայելի նավահանգիստների հետ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է խռովարարների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան:
«Եմենի զինված ուժերը որոշում են ընդունել ակտիվացնել [պաղեստինցիների] աջակցության իրենց ռազմական գործողությունները և սկսել թշնամու ծովային շրջափակման չորրորդ փուլի իրականացումը, որը նախատեսում է հարվածներ հասցնել Իսրայելի նավահանգիստների հետ աշխատող ցանկացած ընկերության բոլոր նավերին՝ անկախ նրանց ազգությունից և ցանկցած վայրում, որոնք զինված ուժերի հասանելիության սահմաններում են», - ասել է Սարիան:
2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո հութիները նախազգուշացրել են, որ կգնդակոծեն Իսրայելի տարածքը և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով: Հարձակումները դադարեցին 2025 թվականի հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմի սահմանումից հետո, սակայն մարտի սկզբին զինադադարի ձախողումից հետո ապստամբները հայտարարեցին Կարմիր ծովում իսրայելական նավերի վրա հարձակումները վերսկսելու մասին, իսկ այնուհետև կրկին սկսեցին ձեռնարկել հրեական պետության տարածքում գտնվող օբյեկտների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման փորձեր: