ԿԸՀ-ն ընդունում է ընտրությունների անցկացման մ...

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի N 50-Ն որոշմամբ, 2025 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 18-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ:

ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դաuընթացներին կարող են մաuնակցել 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` իրենց կողմից ներկայացրած դիմումի կամ կուսակցության ներկայացրած ցուցակների հիման վրա:

Դասընթացներին և ստուգարքին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնց՝ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն ուժը կորցրած է ճանաչվել դասընթացների անցկացմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում:

Դիմումներն ընդունվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 17.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-ից 14.00-ն): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեն է՝ ք. Երևան, Գ.Քոչար 21Ա։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում:

Դիմումները պետք է ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևերին համապատասխան:

Քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումի ձևը պետք է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և պետք է կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Դիմումում նշված տվյալների սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում:

Կուսակցությունները լրացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակ:

Մարզերում դասընթացները կազմակերպվելու և անցկացվելու են սեպտեմբերին և հոկտեմբերին, Երևան քաղաքում՝ նոյեմբերին և դեկտեմբերին:

Ստուգարքն անցկացվում է դասընթացի ավարտից հետո՝ հայերեն լեզվով, թեստային գրավոր եղանակով: Ստուգարքին թույլատրվում է մասնակցել միայն անձնագրի կամ նույնականացման քարտի առկայության դեպքում:

Դասընթացների անցկացման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ: