
Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը՝ խաղաղություն և Ադրբեջան-Հայաստան տարաձայնությունների խաղաղ կարգավորումն է, իսկ երկրորդը վերաբերում է տարանցիկ և տրանսպորտային ուղիներին. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:
Նրա խոսքով՝ Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։
«Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։ Իրանը միշտ աջակցել է հաղորդակցման ուղիների ստեղծմանը և ընդլայնմանը՝ դա համարելով արդյունավետ քայլ՝ երկրների տնտեսական զարգացման և տարածաշրջանային առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ: Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ։ Իրանը դա համարում է հակասող տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին: Այն լուրերը, որոնք վերաբերում են որոշ արտատարածաշրջանային ուժերի մասնակցությանը Հարավային Կովկասի զարգացումներին, արդեն իսկ հերքվել են համապատասխան կողմերի կողմից։ Իրանն ուշադիր հետևում է այս գործընթացներին և սերտ կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ», - նշել է նա։