
Թաիլանդում Կամբոջային սահմանակից տարածքներում զինված հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 14 քաղաքացիական անձ և 8 զինծառայող, ևս 140 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Թաիլանդի կառավարությունը։
Բախումների ընթացքում վիրավորվել է 103 զինծառայող։ Սահմանային գոտուց տարհանված տեղացի բնակիչների թիվը գերազանցել է 139,6 հազարը։
Հուլիսի 24-ի առավոտյան Կամբոջա-Թաիլանդ սահմանի երկայնքով տեղի էին ունեցել զինված բախումներ։
Թաիլանդի ԱԳՆ-ից մեղադրել էին Կամբոջային սահմանային հատվածներում ականներ տեղադրելու մեջ, ինչի հետևանքով վերջին օրերին ուժել էին Թաիլանդի բանակի ներկայացուցիչները։ ԱԳՆ-ից հայտնել էին նաև Կամբոջայում իրենց դեսպանին հետ կանչելու մասին՝ խնդրելով այդ երկրին համապատասխանաբար հետ կանչել Թաիլանդում իրենց դեսպանին։
Հուլիսի 26-ին Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Կամբոջայի վարչապետի և Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ և ասել, որ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցել հրադադարի շուրջ։ Հուլիսի 27-ին Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը հայտարարել էր, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում հուլիսի 28-ին։
Կամբոջայի և Թաիլանդի միջև վեճն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի և սկսվել է այն պահից, ինչ երկու երկրների միջև ֆրանսիական օկուպացիայից հետո գծվել են սահմանները։ Իրավիճակը լարվել էր 2008 թվականին, երբ Կամբոջան փորձեց վիճարկելի տարածքում գտնվող 11-րդ դարի տաճարը գրանցել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր։ Այս քայլը լուրջ դիմադրության արժանացավ Թաիլանդի կողմից։
Տարիների ընթացքում կողմերի միջև ժամանակ առ ժամանակ վերսկսված բախումները զոհերի պատճառ են դարձել երկու կողմերում էլ։
Վերջին երկու ամսում երկրները սահմանային սահմանափակումներ էին սահմանել մեկը մյուսի համար։ Կամբոջան արգելել էր Թաիլանդից այնպիսի ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենները, ինչպես նաև դադարեցրել էր էլեկտրաէներգիայի և համացանցի ծառայությունների ներմուծումը։
Վերջին շաբաթներին երկու երկրներն ուժեղացրել էին զինված ներկայությունը սահմաններին։