Սերժ Սարգսյանն արդար է համարում Միքայել Սրբազ...

Որպես ընդդիմություն հանդես եկող Սերժ Սարգսյանի քարոզիչները վերջին օրերին իրենց հրապարակային ելույթներում ըստ էության արդարացրել են Միքայել Սրբազանի նկատմամբ շարունակվող ապօրինի քաղաքական հետապնդումը։

Սերժ Սարգսյանի քարոզիչներից Նարեկ Սամսոնյանը (նա ինքն իրեն այդպես է դիրքավորում) իր եթերներից մեկում Միքայել Սրբազանի խոսքը ներկայացրել է որպես ռազմական հեղաշրջման կոչ և հայտարարել․

«Երբ որ զինվորականները կարող են գան, վերցնեն, ասեն՝ մենք ենք ուժեղը, մենք կարող ենք ուժ կիրառել։ Դա թույլատրելի չի։ Դրա համար, երբ որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բռնեցին ու ասում էին՝ չհանձնվի, ես ասում էի՝ տղերք ջան, էս պարագայում կա մի բան՝ հայտարարում ես քեզ պետությունից դուրս, օրինքից դուրս ու հելնում ես լեռներ։ Իսկ դա լրիվ ուրիշ բան է նշանակում։ Դա նշանակում է Ֆիդել Կաստրո, որը իմ կողմից ընդունելի չի։ Ես Ֆիդել Կաստրոյին չեմ ընդունում, որովհետև ինքը բռնությամբ իշխանություն է զավթել։ Որևէ արդարացում, որևէ հիմնավորում ինձ համար իշխանությունների նկատմամբ բռնություն կիրառելու թույլատրելի չէ»։

Սա ըստ էության նույնն է, ինչ ասում են ՔՊ-ականները։ Ոմանց կարող է թվալ, թե սա պատահական համընկնում է կամ Սերժ Սարգսյանի կողմից քինախնդրության դրսևորում, քանի որ Միքայել Սրբազանը իր հրապարակային խոսքում քննադատել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև նախորդ իշխանություններին, հատկապես Սերժ Սարգսյանին՝ նրան իշխանություն փոխանցելու համար։ Սակայն նման կարծիք ունենալը մեծ մոլորություն է։

Մեր նախորդ բազմաթիվ հրապարակումներում փաստերի հիման վրա ցույց ենք տվել, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը գտնվում են նույն աշխարհաքաղաքական տանիքի ներքո։ Նրանք լուծում են նույն խնդիրները՝ պարզապես տարբեր միջոցներով։ Նրանց վերջնական նպատակը նույնն է, ուղղակի տարբեր ճանապարհներով են հասնում դրան։

Միքայել Սրբազանն այնքան վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի համար, որքան և Սերժ Սարգսյանի։ Որպես ճշմարտության ասպետ՝ նա հակաթույն է այն աշխարհաքաղաքական կենտրոնի դեմ, որն իր հերթին ծառայում է կեղծիքին և չարին, և որի սպասավորներն են՝ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը։

Այս տեսանկյունից նայելով՝ ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Խնդիրը ռազմական հեղաշրջման կոչը չէ (նման կոչ Սրբազանը չի արել, իսկ 2021 թ․ ռազմական հեղաշրջման փորձին Սերժ Սարգսյանի թիմակիցներից շատերը բացահայտ աջակցել էին)։ Խնդիրը հենց Սրբազանն է, ով քրիստոնեական ճշմարտության միջոցով փորձում է դուրս բերել ժողովուրդը այս վիճակից։ Ահա թե ինչու նա թիրախավորվում է՝ և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Սերժ Սարգսյանի կողմից։ Եվ հենց այս պատճառով էլ Սերժ Սարգսյանը իր քարոզիչների միջոցով փաստացի արդարացնում է Միքայել Աջապահյանի կալանավորումը։