
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 5-ին փակ խորհրդակցություն է անցկացրել Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրման թեմայի շուրջ։
Հնդկական ANI գործակալության աղբյուրը հայտնել է, որ քննարկման ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ անդամները «դժվար հարցեր» են ուղղել Պակիստանին։ Ըստ հրապարակման՝ խորհրդի անդամները հրաժարվել են ընդունել պակիստանյան կողմի ներկայացրած «կեղծ դրոշի» պատումը և հարց են բարձրացրել՝ արդյոք «Լաշքար է Թայբա» ահաբեկչական խմբավորումը, որը խորը կապեր ունի Պակիստանի հետ, ընդգրկված է եղել հարձակման մեջ։
Աղբյուրները նաև հայտնել են, որ նիստի ընթացքում լայնորեն դատապարտվել է Պահալգամում իրականացված ահաբեկչությունը և նշվել, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից շատերը նշել են, որ Պակիստանի կողմից անցկացված հրթիռային փորձարկումները և միջուկային հռետորաբանությունը նույնպես էսկալացնող գործոններ են։
Պակիստանը մայիսի 5-ին Ֆաթահ շարքի 120 կմ հեռահարությամբ ցամաք-ցամաք հրթիռի փորձնական արձակում է իրականացրել։
Աղբյուրները նաև նշել են, որ պակիստանյան կողմին խորհուրդ է տրվել Հնդկաստանի հետ խնդիրները լուծել երկու կողմերի միջև քննարկումների միջոցով։
Ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պահալգամ քաղաքում մի խումբ զինյալներ կրակ են բացել զբոսաշրջիկների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ։ Հնդկաստանը բացահայտել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզության և հարձակումը կազմակերպած «Լաշքար է Թայբա» ահաբեկչական խմբավորման միջև օպերատիվ կապը։
Սա հանգեցրել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների կտրուկ սրման։ Երկրները փակել են իրենց ցամաքային սահմանները, կասեցրել առևտուրը, փակել օդային տարածքը մեկը մյուսի ավիաընկերությունների համար։ Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը, որը կարգավորում է մի շարք գետերի օգտագործումը երկու երկրների կողմից։ Երկու երկրների սահմանին նաև տեղի է ունեցել փոխհրաձգություն։