Կոչ ենք անում ձայն չտալ Հայաստանի գործող վարչ...

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն

«Ժառանգություն» կուսակցությունը մեծ անհանգստությամբ արձանագրում է՝ 2021թ հունիսի 20-ին մեր
երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած վերջին երկու շաբաթներն աչք
զարնեցին քաղաքակիրթ նախընտրական քարոզչական գործընթացի հետ աղերս չունեցող բառամթերքով և
գործիքակազմով: Վերոգրյալի հիմնական մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի դե ֆակտո
իշխանություններն էին՝ կիրառած վաղ միջնդարի բարբարոսներին բնորոշ մրճահարումներով:
2020թ նոյեմբերի 9-ին կնքված հայրենատվության պայմանագրին հաջորդած ժամանակահատվածը ցույց
տվեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գործողությունները միայն ու միայն միտված էին հայրենատվության
տխեղծ եղելության լեգիտիմացման միջոցով սեփական իշխանության երկարաձգմանը, ապա նաև՝
վերարտադրությանը: Անցնող ամիսներին մենք չենք տեսել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման
համակարգային որևէ նախագիծ: Ցավոք պատերազմի վերքերը թաց են. թշնամին գտնվում է մեր ինքնիշխան
տարածքում, իսկ հայրենիքի պաշտպանների մի մասը՝ Բաքվի բանտերում:
«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է՝ հետպատերազմական Հայաստանում հանրային
միասնության և համախմբան այլընտրանքը պետականակործանման դժգույն վերջաբանն է լինելու, ինչին
անշեղորեն գնում ենք վերջին յոթ-ութ ամիսներին: Պետք է փաստել, որ նախընտրական ժամանակահատվածում
սեփական բնակչությանը վենդետաներով սպառնացող Հայաստանի գործող վարչախումբը հիմնավորապես
մերկացրեց իր կացնամրճային տրամաբանությունը: Մենք կարծում ենք, որ ընտրված վաղ միջնադարի
բարբարոսներին հատուկ գործիքները՝ որպես համախումբ խորհրդանիշ, ամենացածրակարգ և անարդյունավետ
միջոցներն են հանրային անհրաժեշտ միասնության և համախմբման համար:
Ուստի հաշվի առնելով առկա վտանգավոր իրողությունները՝ կոչ ենք անում կուսակցության անդամներին,
համակիրներին և համախումբ մեր եղբայրներին ու քույրերին 2021թ հունիսի 20-ին նշանակված արտահերթ
խորհրդարանական ընտորւթյուններում մասնակիցը չդառնալ հայրենատվության լեգիտիմացմանը՝ ձայն չտալով մեր
պետականությունը և ինքնիշխանությունը հիմնավորապես խարխլած Հայաստանի գործող վարչախմբին ու նրանց
հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին: