
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, հարց ուղղեց քաղբանտարկյալների մասին՝ թվելով Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ընտրված քաղաքապետներ Մամիկոն Ասլանյանի, Առուշ Առուշանյանի, Բալասանայների և այլ դեպքերի մասին:
Մամիջանյանը նշեց, որ համաձայն է նախարարի հետ, որ ատելության խոսքը չի կարող տեղ ունենալ քաղաքակիրթ երկրի քաղաքական դիսկուրսում: «Բայց դուք նստած եք պարոն Եղոյանի կողքին, ում ֆրակցիայի քարտուղարն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում ՄԻՊ-ի ընտրության ժամանակ ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուին բառացի ասել է՝ ականջներդ կկտրեմ, և մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել ատելության խոսքի կամ հարակից հոդվածներով, դա կարծում եմ զարմանալի է»,- ասաց Մամիջանյանը:
Ապա Մամիջանյանն անդրադարձավ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ իրականացված հետապնդմանը: «Դատարանն իրականացրել է վարչական սահմանափակում՝ արգելելով արտահայտվել դատավորների մասին, հիշեցնեմ, որ պատճառը հանդիսացել էր ՍԴ դատավոր իսկ շուտով նաև ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, երբ Էդգար Ղազարյանը որակել էր Վահե Գրիգորյանին որոշումներից մեկը»,- ասաց նա:
Ի պատասխան Գալյանը նախ նշեց, որ նախարարության համար մտահոգիչ է որպես խափանման միջոց նշանակված կալանքների քանակական աճը և որ խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է: «Որպես քաղաքականություն մշակող կարող եմ ասել, որ երբ քրեական օրենսգիրքն ընդունվեց քրեական օրենսգրքի տրամաբանությունն այն էր, որ այլընտրանքային խափանման միջոցները նախատեսելով՝ պետք է առաջին հայացքից կալանքներն ավելի քիչ կրիառվեին: Պետք է որոշակի չափորոշիչներ ու միջոցներ մշակենք կալանքների կիրառման դեպքերը նվազեցնելու հետ կապված և հարցը կոմունիկացնենք իրավական մարմինների և դատարանների հետ: Ուզում եմ վստահեցենլ՝ այս ուղղությամբ քայլեր մշակում ենք»,- ասաց նա:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրումներին, Գալյանն ասաց. «Իհարկե, առաջին հայացքից Դուք խոսում եք ճշմարտությունների մասին, բայց ձեր կողմից ճշմարտությանը հակադրվում է օրենքի գերակայություն ասված ճշմարտությունը: Պետք է հասկանալ, որ Ձեր կողմից նշված անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են ունենալ քաղաքական բնույթ»:
Գալյանը նշեց, որ ճիշտ չէ, թե հետապնդում է իրականացվում միայն նախկին պաշտոնյաների հանդեպ, դա այդպես չէ, քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների, փոխնախարարների նկատմամբ: