«Ժառանգություն» կուսակցությունը վաճառում են Թ...

Այսօր Փաստ օրաթերը գրել է, որ առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը կարող է, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվել: Ըստ թերթի առջիկայում կուսակցության շարքերը կհամալրի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն էլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի «Ժառանգության» ղեկավար:

Հայաստանում կուսակցության նման այսպես կոչված ռեբրենդինգը, այն էլ կուսակցության նախագահի պաշտոնում՝ նոր կուսակցություն անդամագրված մարդու նշանակմամբ, նշանակում է, որ այդ կուսակցությունը վաճառվել է։ Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչու է իր ստեղծած կուսակցությունը թողնելու կուսակցության հետ կապ չունեցող մարդու։ Իսկ կոնկրետ «Ժառանգության» դեպքում սա նորություն չէ։ 2021 թվականի ընտրություններից առաջ կուսակցությունն, ըստ մամուլում հայտնված լուրերի, վաճառվել էր Տիգրան Արզաքանցյանին։ Այն որ Տիգրան Արզաքանցյանը պետք է մտներ ժառանգություն՝ հաստատել էր նաև կուսակցության նախկին ղեկավար Նարինե Դիլբարյանը՝ օրաթերթերից մեկի հետ զրույցում (աղբյուրը՝ այստեղ) և չէր բացառել իր հեռացումից հետո վաճառքի մասին լուրերը։

Հիմա գանք «Ժառանգություն» կուսակցությանը և Արման Թաթոյանի դրա նախագահը դառնալու լուրին։ Հաշվի առնելով Տիգրան Արզաքանցյանի հետ ունեցած փորձառությունը և կուսակցության հետ կապ չունեցող մարդուն միանգամից նախագաի դարձնելու մասին լուրերը՝ առնվազն կան կասկածներ, որ այն իրականում վաճառվում է։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ կուսակցության հարցերը Թաթոյանի համար լուծում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։  Իսկ ինչու՞ է ընտրությունը կանգնել «Ժառանգություն» կուսակցության վրա։ Պատասխանը շատ պարզ է։ «Ժառանգություն» կուսակցության դեպքում այն ավելի քիչ կկապեն Սերժ Սարգսյանի հետ, իսկ դա, այս փուլում, կարևոր է և երկրորդ՝ կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է, որի անդամ է նաև ՀՀԿ-ն։ Այսինքն, սա շարքային կուսակցություն չէ, այլ միջազգային կապեր ունեցող է։

Կուսակցության հնարավոր գնման և դրա հետ Սերժ Սարգսյանի հնարավոր կապի վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել Արման Թաթոյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Փորձեցինք կապ հաստատել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պարզելու համար, թե որքանով են ճշմարիտ Թաթոյանի կուսակցության ղեկավար դառնալու մասին լուրերը և արդյո՞ք սա նշանակում է, որ նա վաճառում է իր կուսակցությունը, ինչպես 2021-ին էր փորձել, բայց այս դեպքում ևս մեր զանգերն անպատասխան մնացին։