
Լեհաստանը դարձել է ռազմական արտադրանքի ներմուծման առաջատարը։ Նրան հաջորդում են Ռումինիան, Հնդկաստանը, Իսրայելը և Նիդեռլանդները։ Սյս մասին են վկայում Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի հրապարակած վարկանիշային աղյուսակի տվյալները։
Աղյուսակում տեղ է գտել 20 երկիր, որոնք 2024 թվականին ամենամեծ ծավալով ռազմական նշանակության ապրանքների գնման պայմանագրեր են կնքել։
2024 թվականին Լեհաստանը զենքի գնման համար ծախսել է 15,625 միլիարդ դոլար (համաշխարհային շուկայի 12,80%-ը): Ըստ կենտրոնի փորձագետների՝ ընդհանուր առմամբ, վերջին 4-ամյա ժամանակամիջոցում՝ 2021-2024 թթ., Լեհաստանը կնքել է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման 68,261 միլիարդ դոլարի պայմանագրեր (համաշխարհային շուկայի 13,38%-ը) և դուրս է եկել աշխարհում առաջին տեղը՝ բավական առաջ անցնելով զենքի մյուս խոշոր գնորդներից։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ռումինիան 2024 թվականին գնել է 10,251 մլրդ դոլարի զենք (8,40%), Հնդկաստանը՝ 9,410 մլրդ դոլարի (7,71%), Իսրայելը՝ 8,2 մլրդ դոլարի (6,72%), իսկ Նիդեռլանդները՝ 7,922 մլրդ դոլարի (6,49%):
Զենքի գնման ծավալով վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է Թուրքիան, որը ձեռք է բերել 7 մլրդ դոլարի զենք։
Առաջին տասնյակը եզրափակում են համապատասխանաբար Իրաքը, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան և Ինդոնեզիան։
Ադրբեջանը գրավում է վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ Բաքուն 2024 թվականին ձեռք է բերել 2,220 մլրդ դոլարի զենք։ ԱՄՆ-ն գնել է 2,073 մլրդ դոլարի զենք և հայտնվել 17-րդ հորիզոնականում։