
Իսրայելի օդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի մի քանի շրջանների՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի օբյեկտները։ Այս մասին հայտնում է լիբանանյան Elnashra պարբերականը։
Իսրայելական ավիահարվածները թիրախավորել են Ջբաային, ալ-Թուֆֆահ, Բերղոզին շրջանները և ալ-Ռիհանի լեռը։
Տեղեկություններ են հաղորդվում, որ Արևմտյան Բեքաա շրջանում հրթիռային հարվածներ են հասցվել Զելլայա գյուղի շրջակայքում կառուցված ստորգետնյա ապաստարաններին, ինչպես նաև Ջաբուրի բարձունքներին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ «հարձակվել է հարավային Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ստորգետնյա օբյեկտների վրա»։ ԻՊԲ-ն Նաև պնդել է, որ «այս ենթակառուցվածքները խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագիրը»։
Իսրայելական օդանավեր են նկատվել նաև ան-Նաբատիա շրջանում։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 238 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։
2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ին վերածվել էր լայնածավալ պատերազմի։ Պատերազմի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000, վիրավորվել՝ մոտ 17 000 մարդ։ Բացի այդ, մոտ 1,4 միլիոն մարդ տեղահանվել էր։