Սկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, որը քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։ Ըստ 2024 թվականին Դոլմազյանի ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի` նա հայտարարագրել է 3 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում` Վանաձոր քաղաքում, որը 2008-ին է ժառանգություն ստացել, 1 ավտոտնակ կրկին Վանաձորում՝ 1 մլն 990 հազար դրամ արժողությամբ, որը գնել է 2022 թվականին: Դատավորը 2021 թվականին միանձնյա իրավունքով ձեռք է բերել հողամաս Վանաձոր քաղաքում:

2025 թվականին Վահե Դոլմազյանը նոր բնակարան է ձեռք բերել, որը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում։ Բնակարանը ձեռք է բերվել համատեղ սեփականությամբ հիփոթեքով, որը կազմել է 47 մլն 952 հազար դրամ։

Վահե Դոլմազյանը 2019 թվականին ձեռք է բերել բավականին հին՝ 1997 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 950 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 230 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 71 մլն 942 հազար 250 դրամ, որից 14 մլն 490 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ից։ Դատավորը փոխառություններ (վարկեր) է ստացել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ից՝ 47 մլն 952 հազար դրամ, «ՎՏԲ Հայաստան» բանկից՝ 7,5 միլիոն դրամ և «Ինեկոբանկ»-ից՝ 800 հազար դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 52 մլն 424 հազար դրամ։

Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար դատավորը հատկացրել է 3 մլն դրամ, վարկերի մարմանն ուղղել է 8 մլն 838 հազար դրամ։

Իշխանության սիրելի Դոլմազյանը քննում է մի շարք գործեր․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի գործերը, հայտնի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը, որը իշխանությունների «սրտի» որոշումներն էր կայացնում, իսկ հետո կալանավորվեց:

Դոլմազյանը քննում է նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված գործը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ հարուցված քրգործը, և իհարկե` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի քրեական գործը, որը ծայրից ծայր սարքված քաղաքական վրեժխնդրության դրսևորում է:

Հիշեցնենք, որ Վահե Դոլմազյանն այն դատախազն էր, որն ապօրինաբար թույլ էր տվել լրագրողի հեռախոսազրույցները վերծանել։ Հետագայում բոլոր ատյաններում ապացուցվեց, որ Դոլմազյանի այդ որոշումն ապօրինի էր, և «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր ատյաններում հաղթեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: