Գյումրին արևմտամետներին է սպասում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գրել էինք, որ Հայաստանի արեւմտամետները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, օգոստոսի 23-ին բողոքի ակցիա են իրականացնելու Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեմ՝ պահանջելով հանել այն մեր երկրից։


Արման Բաբաջանյանը, որը մշտապես հանդես է եկել հակառուսական կոչերով, գաղափարներով ու հայացքներով, վերջին անգամ նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացրեց մայիսի 21-ին` ԱԳՆ շենքի դիմաց՝ Լավրով-Միրզոյան հանդիպման ժամանակ, եւ ԱԺ-ի դիմաց՝ Վալենտինա Մատվիենկոյի հայաստանյան այցի ընթացքում։

Որոշ տեղեկություններով՝ Գյումրիում պատրաստվում են կոշտ հակազդել Երեւանից հայրաքաղաք գնացած արեւմտամետներին:

Քննարկումներ կան, թե ի պաշտպանություն ՌԴ-ի եւ ռազմաբազայի ինչ հակընդդեմ ակցիա իրականացնել։

Փորձեցինք Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանից պարզել՝ քաղաքային իշխանությունն ինչպես է արձագանքելու այդ ակցիային, սակայն նա հարցը լսեց եւ ասաց, որ ավագանու նիստի է մասնակցում, չի կարող պատասխանել, թեպետ նիստն արդեն ավարտվել էր»։