Ուր է անհետացել Սերժ Սարգսյանի թեկնածուն

Հունիսի 7-ին Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ սկսում է վարչապետի նկատմամբ անվստահության գործընթաց և որպես թեկնածու առաջադրում է Մասիս համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Դավիթ Համբարձումյանին։

Սովորաբար նման քաղաքական գործընթացներում թիվ մեկ ներգրավված գործիչը գերակտիվություն է ցուցաբերում, հասանելի է մամուլի համար, կիսվում է իր քաղաքական տեսակետներով և պատկերացումներով՝ թե ինչպես է պատրաստվում երկիրը հանել այս վիճակից։

Դավիթ Համբարձումյանը առաջին մեկ-երկու շաբաթների ընթացքում ակտիվություն ցուցաբերեց, սակայն դրանից հետո կարծես անցավ «ջրի հատակը»։ Այս ընթացքում նա այդպես էլ մամուլի ասուլիս չտվեց, իսկ հուլիս և օգոստոս ամիսներին անհայտ է, թե Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածուն ինչով է զբաղվում։ Երեկ գրեթե բոլոր ՀՀԿ-ականները մասնակցում էին Սամվել Կարապետյանի աջակցությանը կազմակերպված հավաքին, սակայն տեսախցիկները այդպես էլ չֆիքսեցին Դավիթ Համբարձումյանին։ Տպավորություն է, որ նա այս պահին նույնիսկ այն երկրում չէ, որը պատրաստվում է «փրկել»։

Համբարձումյանի պասիվությունը, իսկ այժմ արդեն՝ անհետացումը, լավագույնս ցույց են տալիս, թե իր թեկնածությունը որքան անլուրջ է անգամ իրեն առաջադրած ուժի համար։ Նա ըստ էության կարևոր գործընթացից առաջ պարզապես վարչապետի թեկնածուի տեղը զբաղեցնող է, ոչինչ ավելին։