Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ պ...

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Ջե Մյոնը Կորեական թերակղզու ազատագրման 80-ամյակի կապակցությամբ իր ելույթում հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է հարգանքով վերաբերվել ԿԺԴՀ-ի (Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետություն) պետական կառուցվածքին։ Նրա խոսքերը մեջբերում է «Yonhap» գործակալությունը։

«Մենք հաստատում ենք, որ հարգանքով ենք վերաբերվում ներկայիս հյուսիսկորեական համակարգին և որ միավորման չենք ձգտելու՝ ձուլման միջոցով։ Մենք նշում ենք, որ թշնամական մտադրություններ չունենք», - ասել է Լի Ջե Մյոնը։ Նրա խոսքով, Հարավը և Հյուսիսը «միմյանց թշնամիներ չեն», նրանց կապում են «հատուկ հարաբերություններ», որոնց շրջանակում պետք է ձգտել խաղաղ միավորման և միմյանց սոցիալ-քաղաքական համակարգերի նկատմամբ հարգանքի։

Լի Ջե Մյոնը նաև կոչ է արել աստիճանաբար վերականգնել 2018 թվականի սեպտեմբերի 19-ի՝ Սեուլի և Փհենյանի միջև ռազմական ոլորտում լարվածության թուլացման մասին համաձայնագիրը, քանի որ այն կարող է նվազեցնել չնախատեսված բախումների ռիսկերը։ Սակայն, միևնույն ժամանակ, Կորեայի Հանրապետության նախագահը պնդել է Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու անհրաժեշտությունը։ «Խաղաղ Կորեական թերակղզին պետք է զերծ մնա միջուկային զենքից, դրա հիմքում պետք է ընկած լինի բարեկամական համագործակցությունը», - ասել է Լի Ջե Մյոնը։

Օգոստոսի 15-ին ԿԺԴՀ-ում և Կորեայի Հանրապետությունում նշում են Կորեական թերակղզին ճապոնական գաղութային տիրապետությունից ազատագրման 80-րդ տարեդարձը։ Ավելի վաղ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, հայտարարել էր, որ ապագայում ժողովրդական հանրապետության սահմանադրությունում կարող է դրույթ մտցվել Սեուլի հետ հարաբերությունները բարելավելու Փհենյանի ձգտումների բացակայության մասին։