Հայկ Կոնջորյանի եղբայրը ընտրական հանձնաժողովի...

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ծանր են տանում ՏԻՄ ընտրություններում իրենց կրած խայտառակ պարտությունը։ Փաշինյանի թիմի և հատկապես շրջակա միջազվայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի համար ծանր է Աբովյանում իրենց կրած պարտությունը։ 

Երբ հայտնի դարձավ, որ Աբովյանում հաղթել է ԲՀԿ-ն` Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, իշխող թիմը փորձում էր տարբեր ելքեր գտնել իրավիճակը շտկելու համար։ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, թե իրենց մեկ մանդատ է պակասում, ուստի դիմելու են վերահաշվարկի պահանջով. «Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, եւ վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ եւ ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ Քաղաքացիական պայմանագիրը 29-րդ Ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»,- գրել էր Պետրոսյանը։

Politik.am-ը տեղեկացավ, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել նաև վերահաշվարկի պրոցեսին։ Խնդրի կապակցությամբ զրուցեցինք ԲՀԿ անդամ Շաքե Իսայանի հետ։ Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր վերահաշվարկի պրոցեսի ընթացքում նույն տարածք է ներխուժել ՔՊ թեկնածուի շտաբի պետը՝ Ավետ Կոնջորյանը (իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը) և Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը ու հանձնաժողովի անդամներին սպառնացել են, թե նրանք դատվելու են․ «Հետո Ավետ Կոնջորյանը բղավել է, թե հեսա ձեր ղեկավարը ձեզ կզանգի։ Քիչ հետո հանձնաժողովի նախագահին է զանգում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և հանձնաժողովի անդմաները որոշում են 3 անվավեր համարված քվեաթերթիկները համարել վավեր»,-ասում է Իսայանը և ավելացնում, որ 3 քվեաթերթիկները, անգամ 50-ը ի օգուտ իշխանությունների ոչինչ չեն փոխի, բայց իրենք ամեն կերպ փորձում են լարված մթնոլորտ ստեղծել։